ԵՀԱԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցում ներառած առաջարկությունները հաշվի են առնված և դրանց մեծ մասը մշակվելիք ընտրական օրենսգրքում ներառված են: Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով սահմանադրական փոփոխությունների մասնագիտացված հանձնաժողովի անդամ էր և նոր Սահմանադրության հեղինակներից մեկը:
Անդրադանալով ԵՀԱԿ/ԺՀՄԻԳ-ի քննադատական դիտողություններին և առաջարկություններին, նա նշեց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և չի անում բաներ՝ ինչ–որ կառույցների հաճոյանալու համար։ Եվրոպական դիվանագետները, հատկապես Հայաստանում ԵՄ դեսպան
Պյոտոր Սվիտալսկին վերջերես բազմիցս անդրադարձել են տվյալ զեկուցին՝
նշելով, որ այնտեղ ընդգծված են Հայաստանի ընտրական համակարգի խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել: Սվիտալսկիի խոսքով դա Հայաստանի "տնային աշխատանքն": "Կատարեք տնային աշխատանքը", - կոչ արեց նա օրեր առաջ կայացած ասուլիսին:
Թովմասյանի պատասխանը Սվիտալսկիին կտրուկ է, սակայն նաև հեգնական: "Մի հատ էլ ասեք ստուգարք են նշանակել, երկուս դրել, հետո վերաքննություն նշանակել", - հայտատարեց
Հրայր Թովմասյանը՝ լրագրոնղների հարցին ի պատասխան: "Հայաստանն ինքնիշխան պետություն է, և այդ բոլորը գործընկերային հարաբերությունների մեջ է: Հայաստանը չի անում երբեք ինչ-որ բաներ այս կամ այն կառուցին հաճոյանալու համար: Այդ ամբողջը մեզ է պետք", - ասաց բանախոսը՝ հավելելով, որ համամիտ չէ ԺՀՄԻԳ-ի գնահատականների հետ, քանի որ լայնամասշտաբ դիտարկում չիրականացնելու պայամաններում դժվար է ընդհանրական գնահատական տալը:
Լրագրողների հարցին, թե Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ի՞նչ փուլում են, և արդյոք հստակեցված է էլեկտրոնային քվեարկության հարցը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Էլեկտրոնային քվեարկության մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, մեկը լսել է, մեկը տեսել է, մեկին պատմել են: Իհա՛րկե, ներողություն եմ խնդրում մի քիչ կատեգորիկ լինելու համար»:
Նրա խոսքով՝ բոլոր այն երկրներում, որտեղ չկա վստահություն ընտրական համակարգերի նկատմամբ, խորհուրդ չի տրվում էլեկտրոնային համակարգի ներդրումը:
«Էլեկտրոնային համակարգն իր հերթին կոչված է ապահովվելու վստահության բարձրացումը: Այս խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում. այդ համակարգերը պետք է պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն միջազգային կառույցները: Այդ համակարգերն անձեռնմխելի են, ոչ ոք չի կարող այդ համակարգերին մուտք գործել և ինչ-որ բան փոխել»,-ասաց նա:
Վերջինս ասաց, թե եթե չկան այդ համակարգերը, ապա շարունակելու են մտածել, թե ավանդական թղթային եղանակով ինչպես դրանք անել:
Հարցին, թե Հայաստանում կա՞ այն վստահությունը, որի մասին խոսում էր Հրայր Թովմասյանը, վերջինս պատասխանեց. «Հայաստանում, ցավոք, չկա այդ վստահությունը, պատշաճ մակարդակի վրա չի գտնվում: Դրանով է նաև պայմանավորված, որ որոշակի վերապահումներով պետք է խոսել այդ համակարգի ներդրման մասին»: