24.11.2024
ԱԳՆ. Ստամբուլում հայ ընտանիքի սպանության գործով ձեբակալվածների մեջ կան ՀՀ քաղաքցիներ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձեւավորել լայն կոալիցիա եւ միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես եւ կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաեւ՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության համապատասխան չափաբաժնով, մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը: Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ: Դրանում, իհարկե, որեւէ արտասովոր բան չկա, նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկանում է սեփական դեմքով հանդես գալ ընտրություններում եւ հաղթելու դեպքում՝ խորհրդարանում ներկայացված լինել սեփական անդամներով: Սակայն Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաեւ, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին: Ընդ որում, շատ հաճախ առանձին-առանձին մասնակցելով՝ պայքարում են ոչ այնքան՝ իշխանության, որքան միմյանց դեմ՝ մեծագույն ծառայություն մատուցելով տվյալ պահի իշխանությանը: Նախընտրական դաշիքներին դեմ հանդես եկողների փաստարկները՝ դրանց արհեստական լինելու մասին, իհարկե, հիմնազուրկ չեն: Բայց գրեթե նույնքան արհեստական է՝ հղում անելով դաշինքների արհեստականությանը, ամեն գնով ընտրություններին առանձին մասնակցելը: Որովհետեւ, կրկնում ենք, որքան շատ են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, այնքան ավելի մեծ է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնատման, տրոհման հնարավորությունը: Հրանտ Բագրատյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի գաղափարական մարդ չլինելուց: Ով՝ ով, բայց Բագրատյանը շատ լավ է հասկանում քաղաքական գործընթացներում գաղափարների, դրանց հիման վրա դաշինքների ձեւավորման կարեւորությունը… Բայց ինչպես տեսնում ենք, մեր ընդդիմությունը շատ «սկզբունքային» է եւ չի ցանկանում զիջել ինչ-որ մաս (նախընտրական դաշինքը նշանակում է սեփական կուսակցության անդամների՝ ավելի քիչ թվով ներկայացվածություն նախընտրական ցուցակում)՝ ընդհանուրի հաղթանակի համար: Քանի որ մեր ընդդիմադիրների մեծամասնության համար միայնակ պարտությունն ավելի գերադասելի է, քան ընդհանուր հաղթանակը… Դրա համար էլ այս օրերին իշխանությունը նախընտրական կոալիցիա է կազմում, իսկ ընդդիմադիրներն օրեր շարունակ բանակցում են… Ազատության հրապարակում հանրահավաքը միասնաբար կամ առանձին անելու հարցի շուրջ: Դժվար չէ կանխատեսել, որ այդ վեճը շարունակվելու է առնվազն մեկ տարի: Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ-իշխանություններ համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնվելու է Դաշնակցությանը: Մեզ հասած լուրերով՝ Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվողն մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզից տանելու մտադրությունից»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու։ Այսինքն՝ նոր պետը չի լինելու ԱԱԾ համակարգից, ինչն այնքան էլ ողջունելի չի եղել Գորիկ Հակոբյանի կողմից։ Ավելին՝ խոսակցություններ կային, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել՝ նոր պետը լինելու է համակարգի ներսից, և Գորիկ Գուրգենիչն էլ շարունակելու է աշխատել ԱԱԾ շենքում։ Այսինքն՝ նա լինելու է Սերժ Սարգսյանի՝ համապատասխան գծով խորհրդականը, բայց իր աշխատասենյակը լինելու է ոչ թե նախագահականում, այլ ԱԱԾ-ում։ Սակայն Գուրգենիչի պլանները փոխվել են, երբ նա հասկացել է, որ պետ են նշանակում դրսից, ըստ այդմ իր հետ չաշխատած մեկին։ Ինչ կորոշի Սերժ Սարգսյանը հայտնի կդառնա այսօր կեսօրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկվանից նոր օգնական ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Հրայր Ղուկասյանը, որը մինչ այդ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր: Ղուկասյանը փոխարինել է Գեորգի Կուտոյանին եւ համակարգելու է դատաիրավական ոլորտը: Հիշեցնենք, որ Կուտոյանը փետրվարի 3-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ղուկասյանի պաշտոնական կենսագրությունը կարելի է գտնել միայն ԵՊՀ կայքում: Նա պետական պաշտոն զբաղեցնելու հետ միասին իրավաբանական ֆակուլտետում դասախոսում է: Կենսագրական տվյալներից հայտնի դարձավ, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտել է 1996 թվականին, որից հետո երեք տարի սովորել է ասպիրանտուրայում: Քանի որ նրա ծննդյան տարեթիվը նշված չէ, ուստի չենք կարող ասել՝ նրա՝ բանակում չծառայելը պայմանավորված է եղել ուսումով, թե՞ դատավորի որդի լինելով: Հրայր Ղուկասյանի հայրը` Հովհաննես Ղուկասյանը, 90-ականներին Հայաստանի գերագույն դատարանի դատավոր է եղել, իսկ մինչեւ 2012 թվականը, այսինքն` թոշակի գնալը, եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին ամսում Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա վերջին պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 78 մլն 800 հազար դոլար: Իսկ արդեն հունվարի վերջին ՀՀ պետական պարտքը դարձել 5 միլիարդ 86 մլն: Ի դեպ, նշված գումարից 3 միլիարդ 843 մլն դոլարը Հայաստանի արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը վարկով վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Ենթադրվում է, որ այս տարի ամեն ամիս պետական պարտքի թիվը կմեծանա, քանի որ ՀՀ կառավարություն մեկը մյուսի ետեւից նոր վարկեր է վերցնում, եւ այդ գործընթացի վերջը դեռեւս չի երեւում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ պետական պարտքը մեկ բնակչի կտրվածքով կազմում է 1700 դոլար` սկսած նորածին երեխայից, վերջացրած իր կյանքի վերջին օրերն ապրող տարեցներով: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր ընտանիք մոտ 7 հազար 500 դոլար պարտք ունի»: