23.11.2024
Արցախը հետևողականորեն զարգացնում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետությունը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Իրանում կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք կա. Մեղրի անցակետում հսկողությունը կուժեղացվի

Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է:


Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 75 204 դեպք։


Համաձայն չինական կայքի (20.02.2020թ., ժամը 09:05) կողմից հրապարակված տեղեկատվության` արձանագրվել է 74675 հաստատված դեպք, որից 2121-ը մահվան ելքով: Ծանր վիճակում գտնվում են 11864-ը, առողջացել են` 16192-ը:


Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:


Աշխատանքներն իրականացվում ինչպես պետական սահմանային անցման կետերում, այնպես էլ կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները:


Փետրվարի 20-ի, ժամը 15:00-ի դրությամբ իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ լաբորատոր) արդյունքները եղել են բացասական:


Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունն անմիջապես կապ է հաստատել ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք):


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ 


1. Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
2. Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
3. Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
4. Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
5. Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
6. Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
7. Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: