ԱԱԾ-ի պաշտոնական հայտարարությունը մանիպույլատիվ կոնտեքստ ունի. ԵՊՀ-ի հայտարարությունը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։
«Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ։
Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման ենթատեքստ, որն ուղղակի և անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը։
Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերևույթ հանցակազմ պարունակող տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն և որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու և անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ:
Մինչ այդ ԵՊՀ-ն հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել բուհում:
«Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց», - ասված է հայտարարությունում։