Իրավական առումով խոցելի է. ԲՀԿ-ն չի մասնակցի հանրաքվեի անցկացման գործընթացին
ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այս մասին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնեց համանուն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Քաղխորհրդի նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լսել է բոլորի կարծիքը, ապա հայտնել իրենը, այն է՝ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով «Սև-սպիտակի» կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի:
«Ժամանակ է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը: Ժամանակն է մեր բոլոր հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա կերտելու գործին: ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայելու այս ամենը կյանքի կոչելու համար»,- հավելեց Զոհրաբյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին: