VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչև խմբակցությունից դուրս գալը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Հանդիպման ժամանակ կողմերը եկել են փոխշահավետ պայմանավորվածության, ըստ որի՝ Քոչարյանի ընտանիքը փակում է Ուրիխանյանի բանկերին ունեցած վարկային պարտավորությունները, իսկ Ուրիխանյանը ստանձնում է խորհրդարանում Քոչարյանի շահերի ներկայացուցչի դերը՝ ակտիվորեն լծվելով սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին: Ըստ ամենայնի, գործարքին մասնակից է նաև ԲՀԿ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միեւնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության «կորիզը» կազմելու են ոչ միայն հանրությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքական դեմքեր, հասարակական գործիչներ, այլ նաեւ մի շարք իրավապաշտպաններ: Մեզ չհաջողվեց ճշտել նրանց անունները, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ լինելու են նաեւ ուշագրավ անակնկալներ: Ըստ մեր զրուցակցի, շուտով այս առումով կլինեն հստակեցումներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 8-ին գրել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանից հաշիվ է պահանջել, թե ինչ գործ ունի իր կինը` ազգությամբ չեխ Իվան, քաղաքապետարանում և ինչու է խառնվում քաղաքապետի գործերին: Մարությանը նախօրեին հաստատել էր մեր լուրը` ասելով, որ իր կինն օգնում է մի շարք հարցերում։ Հիմա մեր աղբյուրները այլ, ոչ պակաս ուշագրավ տեղեկություն փոխանցեցին: Մասնավորապես այն, որ Երևանի քաղաքապետարանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Երևանի քաղաքապետի կամ նրա կնոջ հետ: Օրինակ` Գրիգոր Հարությունյանը, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, Հ. Մարությանի տան շինարարն է եղել: Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Մարությանի տան այսպես ասած «պրարաբն» է եղել: Վարչության պետից հետաքրքրվեցինք` ՀՀ միջպետական ճանապարհները բավականին որակով, հաստ շերտով են ասֆալտապատվում, ինչը չի նկատվում Երևան քաղաքում: Մայրաքաղաքի ճանապարհները նույն ՀՀԿ-ի օրոք արված ասֆալտապատումից ոչնչով չեն տարբերվում։ Ինչու մենք Երևանում հեղափոխություն չենք նկատում: «Քանի որ մեր բյուջեն շատ սահմանափակ է… Երևանում միայն փոսանորոգման աշխատանքներ են կատարվում, չունենք այդպիսի մեծ ծավալներ, որ կարողանանք համատարած ճանապարհները… : Մեզ մոտ միայն փոսանորոգում է արվում: 4,5-5 սմ տաշում ենք ասֆալտը և նոր ասֆալտ ենք փռում»,- նշեց Մարությանի տան շինարար վարչության պետը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: Մասնավորապես, ԲՀԿ-ականներով հավաքվելու են եւ քննարկելու հարցը, թե ինչ դիրքորոշում հայտնեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասով: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան: Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանն իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու. գուցե նրանք էլ գնան երրորդ` չեզոք մնալու տարբերակով: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ք. Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել: Մենք փորձեցինք պատգամավորից պարզել` արդյոք ինքն է միջնորդը` իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ հանրաքվեի հարցով, սակայն իմքայլականը հայտարարեց. «Լրիվ այլ հարց էր, գործընկերային հարց էի ես քննարկում պարոն Ծառուկյանի հետ, ուրիշ ոչ մի բան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են․ այս անգամ պատրաստվում է բախտը փորձել ԲՀԿ-ն: Տեղեկացանք, որ բանակցում են Մակիչ Խչեյանի հետ՝ միջազգայինների հետ համագործակցած ֆինանսիստի: Հիշեցնենք, որ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է անցած տարեվերջին, բայց այդ տեղը չի համալրվում: Դեռեւս անցած տարի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ մերժվել էր «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Նախնական տեղեկությունների համաձայն, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանության որոշ ներկայացուցիչներն ու նրանց հարող փորձագիտական հատվածը, որոշ դեպքերում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռեւս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է: Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի: Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաեւ ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ»:
«Իրատես» թերթը գրում է. «Երեք օրից՝ փետրվարի 17-ին, մեկնարկելու է Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իր տեխնոլոգիաներին հավատարիմ է մնալու եւ չի շեղվելու նախկին ուղուց։ Այսինքն, նրանք կգնան գյուղեգյուղ, քաղաքից քաղաք եւ մարդկանց կներկայացնեն նախկին «թալանչի» իշխանությունների դեմքը։ Մեր աղբյուրը չբացառեց, որ անգամ Հրայր Թովմասյանի փոխարեն կամ նրա հետ լինելու են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաստառները։ Իմա՝ հիմնական բանալին այս է` եթե ուզում եք վերջնականապես ազատվել այդ մարդկանցից, պիտի գնաք ու «այո» ասեք։ Հետաքրքիր է՝ մեկը կասի՞, որ արդեն մերժվածներին էլ ինչու են մերժում։ Ոչ մի իրավական բացատրություն չի լինելու, չնայած պիտի նման բան ընդհանրապես լինի, որ ներկայացնեն։ Ասել է՝ իշխանությունը նույն տրամաբանության մեջ է. հերթական անգամ խորացնել նախկինների հանդեպ ատելությունը եւ դրա լույսի ներքո դառնալ «նվիրյալ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։ Մեր տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում «այո»-ն հաղթի, ձեր դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Մեծ թվով համայնքապետերի դեմ հարուցված քրգործեր կան։ Իսկ եթե «ոչ»-ը հաղթի, դուք նստելու եք, ում դեմ էլ դեռ հարուցված քրեական գործ չկա, կհարուցենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։ Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։ Տեղեկացանք նաեւ, որ այդ աշխատանքները Երեւանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջեւանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ «Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին, համաներումով ազատ արձակվել։ Այս դատվածությունը, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որևէ հետևանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը. այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»: Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այդ ընթացակարգին: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը կրկին հարցում ուղարկեց ՀՀ նախագահի անունով՝ խնդրելով պարզաբանել դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ: Եվ, ահա, ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը», – նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սակայն Մնացականյանի բուն ասելիքն այլ հարցերի է վերաբերել։ «Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, դեսպանների այս տարվա աշխատանքների հետ կապված հիմնական շեշտադրումները կատարվել են ոչ այնքան ավանդույթ դարձած օրակարգային խնդիրների կարգավորման վերաբերյալ՝ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման եւ հայապահպանության հարցեր, այլ (դրանցից զատ) այն առումով, որ չեզոքացվեն առաջիկա հանրաքվեի եւ ընդհանրապես մի շարք թեմաների հետ կապված եվրոպական կառույցների կողմից տրվող բացասական արձագանքները։ ԱԳՆ մեր աղբյուրը զարմանքով փաստում է, որ առաջին անգամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին հանձնարարություն է տրվում զբաղվել ներքաղաքական հարցերի հղկման գործընթացով: Մեր զրուցակիցը նաեւ հավաստում է, որ սա ԱԳՆ պատմության մեջ աննախադեպ գործընթաց է, երբ փաստացի լոկալ խնդիրները դարձել են դոմինանտ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, դեսպաններին հատուկ հանձնարարվել է հետեւել ՀՀԿ-ի ու արմատական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչների՝ եվրոպական երկրներ կատարած այցերին ու ունեցած հանդիպումներին, առավելագույնս չեզոքացնել այդ այցերի՝ իշխանությունների համար անցանկալի հետեւանքները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաեւ՝ կուսակցությանն անդամակցությունից: Սահակյանը «Հայկազովի» զորամասի նախկին հրամանատարն է։ Անցած սեպտեմբերին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում նա հեռացավ բանակից, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մասին, առաջադրվեց, սակայն չընտրվեց։ Ու չնայած ակտիվ պատրաստվում էր Արցախի ԱԺ ընտրություններին, բայց երեկ կայացրեց նման անսպասելի որոշում։ Ինչո՞ւ։ Մեր արցախյան աղբյուրը հայտնեց, որ քայլը պայմանավորված է դաշտի խոշորացմամբ, վերջին օրերին դաշինքներ են ձեւավորվում, եւ ֆավորիտ նախագահացուները՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սահակյանի հետ բանակցել են աջակցություն ստանալու առաջարկով։ Որպեսզի որեւէ մեկին չնեղացնի, նախկին զինվորականը որոշել է քաղաքականությունից հեռանալ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՊԲ զորամասերից մեկում նախնական վարկածի համաձայն, ինքնասպան եղած զինվոր 2000թ ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը: Իսկ յուս զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը Երեւանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից: Նա բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը եւ միակը չի եղել, որը նույն զորամասում ինքնասպան է եղել: Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, Արցախի ՊԲ նույն զորամասում սա ինքնասպանության 2-րդ դեպքն է: Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տեղամասում նախնական վարկածով ինքնասպան էր եղել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, գործում կան մութ հանգամանքներ։ Բարեբախտաբար Նվեր Ավետիսյանի վիճակը հիմա կայուն է, նրան 6 ամսված ծառայություն է մնացել. Թեեւ զինվորը ցուցմունք է տվել, թե ապրելու իմաստ չկա: Եւ ինչպես երեւում է, նրա հետ կատարվածը դաս չեղավ ՀՀ եւ Արցախի Զինված ուժերի ղեկավարների համար: Փետրվարի 12-ին դարձյալ նախնական վարկածով ինքնասպան եղան երկու զինվորներ. Տիգրան Մանվելյանը եւ Տիգրան Մխոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, երկու զինվորներն էլ Տիգրան Մխոյանը եւ Տիգրան Մանվելյանը, հունվարի 28-ին ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի հետ ծառայել են նույն տարածքում գտնվող զորամասերում, իսկ արդեն երկուսն էլ նույն զորամասից են: Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ ահա մյուս զինվորները մահանում են: Ինչ է մտածում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թվում էր, որ երեկ գոնե կստանայինք պաշտոնական պարզաբանում ԳՇ-ից: Սակայն նրանց լրատվական բաժինը իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով: Մասնավորապես Հանրային ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներից մեկով հայտնել էր, որ փետրվարի 11-ին Օրսիս արմսի մասին հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, Ինչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում, թողած իր հիմնական գործը. այն է` զինված ուժերում զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը, այդպես էլ մնում է անհասկանալի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թվականի օգոստոսին, իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ոստիկանության ներքին զորքերին սահմանում հերթապահության ուղարկելու որոշում կայացվեց։ Այն ժամանակ այդ որոշումն ընդունվեց մեծ ոգեւորությամբ։ Թեեւ «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից էր համարվում նաեւ «ՀՀ պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց, որպես կանոն, օգտագործել էր ընդդիմադիր հավաքները ճնշելու եւ ներքին խրամատը պահելու համար։ Պարզվում է, սակայն, որ ոստիկանությունում սպասվող բարեփոխումներից հետո կատարվելու է դարձ ի շրջանս յուր, եւ, այսպես կոչված՝ օմոնն այլեւս սահման չի պահելու։ Երեկ այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Հիշեցնենք․ մշակվել է ռազմավարություն, համաձայն որի՝ ոստիկանությունը կդառնա ներքին գործերի նախարարություն։ Նշենք, որ սահման մեկնող ոստիկաններից մենք պարբերաբար դժգոհություններ ենք ստանում, որ սահման պահելու համար լրացուցիչ վարձատրությունը նորմալ ժամկետներում չեն տալիս։ Բացի այդ, բողոքում են, որ իրենք ոստիկանություն են մտել ոչ թե սահման պահելու համար, այլ հեռանկարային կարիերայի հույսով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը «պատերազմ» է մղում հակահեղափոխական զանգվածների դեմ՝ ՊԵԿ նախագահը շարունակում է իր ուշագրավ կադրային նշանակումները հենց այդ զանգվածների շրջանակից։ Օրերս Արսեն Արզումանյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն ցիտում է Աշոտյանի տրակտատները և հրապարակում համատեղ լուսանկարներ, նշանակվել է ՊԵԿ վարչություններից մեկի պետի տեղակալ։ Իսկ օրինակ՝ Գևորգ Եղինյանը, ում Աշոտյանը իր հետ տարել էր ԿԳՆ և նշանակել ֆինանսաբյուջետային վարչության պետ, այժմ նշանակվել է ՊԵԿ֊ի՝ ոչ ավելի, ոչ պակաս Հատուկ հսկողության բաժնի պետ։ Ակնհայտ է, չէ՞, թե նրանք ինչ «անողոք» պայքար են մղում կոռուպցիայի դեմ»։
«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է: Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձեւաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու: ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդներն այժմ սպասում են Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, ինչից հետո կհասկանան՝ ինչպես վարվել: «Մտադիր եք մասնակցե՞լ այդ քննարկումներին»,- հարցրինք ՀՅԴ-ականներից մեկին: «Հայրենագիտական առարկաների ուսուցումը եթե պարտադիրից դառնա «ըստ հայեցողության», ապա կշարունակենք մեր պայքարը՝ դասադուլների, նստացույցերի եւ այլնի տեսքով: Իրականում մեզ համար ոլորտի քաղաքականությունն է ամբողջությամբ խնդրահարույց: Հետեւաբար մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ չի բխում ազգային եւ պետական շահերից»,- ասաց մեր զրուցակիցը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում քաղաքական ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի դեմ իրականացված հնարավոր մահափորձի մասին: Շիշկինը կասկածում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները իրեն վարակել են առողջության համար խիստ վտանգավոր հեպատիտ E-ով, հեպատիտի մի տեսակ, որի հարուցիչը չկա Հայաստանում, և բնականաբար Շիշկինը դրանով չէր կարող վարակվել առանց կողմնակի միջամտության: Մինչ այդ Շիշկինը եղել է հեպատիտ A-ի կրող, որը այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար»:
«Իրատես» թերթը գրում է. «Լոռու մարզում նոր հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում նաեւ այս իշխանությունների ժամանակ: Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից անմիջապես հետո ալավերդցիներին վստահեցրել էր, որ Դեբեդ գետի վրա առանց համայնքի համաձայնության հէկ չի կառուցվի, բայց փաստերն ու գործողություններն այլ բանի մասին են վկայում: Դեռ ամիսներ առաջ «Իրատեսը» գրել էր, որ «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ն հետ չի կանգնել Դեբեդի վրա հէկ կառուցելու մտադրությունից: Նախարարությունից էլ չէին հերքել, որ տարածքի ուսումնասիրման աշխատանքները դադարեցված չեն, հէկ կառուցելու ծրագիրն էլ չի չեղարկվել: Օրեր առաջ Լոռու մարզում երկու այլ հէկ կառուցելու թեմայով քննարկում է տեղի ունեցել շրջակա միջավայրի նախարարությունում: Խոսքը «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին Ձորագետի վրա 2 հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին է: «Հէկերի կառուցման դեպքում Ձորագեսի եւս 18 կմ հատվածը կհայտնվի խողովակի մեջ։ Ինչու եւս, որովհետեւ 67 կմ երկարությամբ գետի վրա արդեն իսկ գործում են 4 Փհէկ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» եւ «Ձորահէկ»: Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա Լոռվա գեղեցիկ բնաշխարհի գեղատեսիլ վայրերից մեկը՝ հայտնի կիճը, կկորցնի իր ամբողջ հմայքը, քանզի ձորն առանց գետի կմնա, էլ չենք խոսում բուսական աշխարհի ու կենսոլորտի կրելիք վնասների մասին»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը։ Մեր տեղեկություններով՝ Ձորագեսի վրա հէկեր հիմնելու ջատագովն «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանն է: Դեռեւս 2006-ին նրա անմիջական մասնակցությամբ է կառուցվել «Կուրթան» փոքր հէկը, որտեղ բաժնեմաս է ունեցել: Նա նաեւ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հիմնադիրն է, այժմ, սակայն, ՍՊԸ-ի բաժնետերերի առաջին ու երկրորդ հորիզոնականում Սամվել Հունանյանն ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն են»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց առաջնային է համարվում ՀՀ կառավարության կողմից: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այսուհետ փորձելու են խրախուսել էներգախնայող արդի տեխնոլոգիաները, ինչը կկարեւորվի նաեւ պետական գնումների համակարգի համատեքստում։ Իհարկե, այս ուղղությամբ նկատվող միտումները կարեւոր են, սակայն առկա է նաեւ բավականաչափ չօգտագործված ներուժ։ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, էներգաարդյունավեության ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանը նկատեց, որ սկզբունքորեն այսօր պետական գնումներով չի արգելվում ձեռք բերել էներգաարդյունավետ ապրանքներ, բայց շատ հաճախ նախապատվությունը տրվում է ավելի ցածր գնային առաջարկին։ «Հանրային գնումների գործընթացում շատերը չգիտեն ինչպես կազմակերպել էներգաարդյունավետ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման գործընթացը, ինչպես մշակել տեխնիկական մասնագրեր, իսկ դիմողներն էլ չգիտեն ինչպես ներկայացնել գնային հայտեր, որոնք մրցունակ կլինեն ապրանքի բարձր էներգաարդյունավետության պարագայում։ Արդյունքում ցածր էներգաարդյունավետություն ունեցող սարքերի ձեռք բերումը հանգեցնում է հետագա անցանկալի ծախսերի շահագործման և սպասարկման ծախսերի մասով, որը արդյունքում բերի պետական բյուջեի ավելի մեծ գումարային ծախսերի, քան թվացյալ ավելի թանկ էներգաարդունավետ սարքերը»։