Զարեհ Սինանյանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են հայրենադարձության գործընթացը
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Հանդիպմանը Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա են մեծ հեռանկարներ և առաջընթաց ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային, միջազգային համագործակցության բնագավառներում:
Փոխարտգործնախարարը նշել է, որ ըստ որոշ հաշվարկների՝ Ռուսաստանում ապրում են 2,5 միլիոնից ավելի հայեր, և համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում՝ սկսած բիզնես ոլորտից մինչև առողջապահություն և այլն: Նա նաև իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ակտիվորեն աշխատել հայ համայնքի հետ տարաբնույթ ուղղություներով:
Զարեհ Սինանյանը նշել է, որ սա իր երրորդ այցն է Ռուսաստան, որտեղ հայ համայնքը մեծ է, բազմազան ու բազմաշերտ, և Հայաստանի համար ռազմավարական գործընկեր պետությունում նշանակալի կարևորություն ունի՝ իր դրական ավանդը ներդնելով ունենալով նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների սերտացման գործում: Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Ռուսաստանում հայերը լիովին ինտեգրված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն միևնույն ժամանակ ամուր կապերով կապված են իրենց հայրենիքին:
Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառուցների հետ համագործակցությանը: Զարեհ Սինանյանը կարևորել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականցվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:
Հաշվի առնելով հայկական սփյուռքի հետ արդեն ավանդկան դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունել է այս առաջարկը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցությունների համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ: