Ես եմ մի օր իրենց պառկացնելու ասֆալտին ու ոտքերս մաքրեմ իրենց վրա. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան, որն այսօր՝ փետրվարի 4-ին բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, ազատ է արձակվել և հանդես եկել կոշտ հայտարարությամբ:
Նա հայտարարել է, որ զենք-զինամթերք չեն հայտնաբերել, իսկ իրեն ոստիկանությունում երեք ժամ պահելու ընթացքում անգամ չեն հարցաքննել: «Բնականաբար, ոչ, զենք չեն հայտնաբերել: Իմ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք, թույլտվությունները տրված են: 3 օրինական զենք ունեցող մարդը անօրինական զենք-զինամթերք չի պահում: Իրենք էլ դա լավ իմանալով…շոոու է», - ասել է նա՝ պարզաբանելով, թե ինչ զենքեր ունի ինքը.
«Երկուսը որսորդական զենքեր են, մեկը՝ անձնական զենքը, քանի որ իր դեմ մահափորձ է եղել ու իր պաշտպանության համար ձեռք է բերել: Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ այսօր 3 ժամ իրեն պահելով՝ հարցեր էլ չեն տվել. «Իրենք ուզում էին իմ մեքենան խուզարկել, ասել եմ՝ մինչեւ սանկցիա չլինի, թույլ չեմ տա: Իրենք պահում են իմ մեքենան, որը իմ սեփականությունն է, բռնագրավել են»:
Վերջում նա նշել է, որ նման գործողություններով փորձում են իրեն վախեցնել: «Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձեւով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն է ուրիշ: Բացի դրանից, նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ժողովուրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանապետի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ե՛ս եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ լինելու է», - ասել է նա: