Հայտնի է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու պատճառը
Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը որեւէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը` հավելելով, որ Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա եւ ցուցմունքներ է տվել:
VERELQ-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով: Այս տեղեկությունը հաստատեց նաև նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
Ինչպես նշեց Մակինյանը, Հայրապետյանը չկարողացավ պատճառաբանել, թե ինչու են իրեն բերման ենթարկել, որովհետեւ իրեն էլ չէին պատճառաբանել. «Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանին Տեր-Նակալյանի բերման ենթարկվելը, կարող եմ ենթադրել, որ թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով են բերման ենթարկել: Երբ այլ բան չի լինում մարդկանց բերման ենթարկելու, այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա»,-ասաց Մակինյանը՝ հավելելով, որ ավելի ստույգ տեղեկություն կտա, երբ ոստիկանության վարչական շենք մտնի:
Նրա խոսքով՝ այս պահին իրեն չեն թույլատրում շենք մտնել՝ պատճառաբանելով, թե պետը տեղում չէ. «Սա առաջին դեպքը չէ, երբ հնարավորություն չի տեղծվում անձանց իրավաբանական պատշաճ օգնություն ցուցաբերել, ուստի Ոստիկանությանն առաջարկում եմ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնել այն ժամանակ, երբ պետը տեղում կլինի»: