Հայաստանը 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ
Հայաստանը 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,- նշել է նա։
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ Չինաստանում և աշխարհի շատ պետություններում ստեղծված իրավիճակի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ:
ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 8000-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի։ CNBC-ն հայտնում է որ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը 9692-ից ոչ պակաս է:
Հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Դրանով երկու երկրի քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում էին վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում: