Չինաստանում և աշխարհի շատ պետություններում ստեղծված իրավիճակի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ նման որոշումը չի կարող դիտարկվել որպես Չինաստանի ձախողում, քանի որ համաճարակը զսպելու Պեկինի ջանքերը շատ բարձր են գնահատել փորձագետները: Այս մասն գրում է euronews-ը։
«Ես հայտարարում եմ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ կապված նոր կորոնավիրուսի գլոբալ բռնկման հետ: Հիմնական պատճառը ոչ թե այն է, ինչ տեղի է ունենում Չինաստանում, այլ այն, ինչ կարող է պատահել այլ երկրներում: Մենք շատ անհանգստացած ենք, որ վիրուսը կտարածվի առողջապահական թույլ համակարգ ունեցող երկրներում»,-հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը։
ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 8000-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի։ CNBC-ն հայտնում է որ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը 9692-ից ոչ պակաս է:
Չինաստանի սահմաններից դուրս մահվան դեպքեր չեն գրանցվել: ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն «աննախադեպ» է անվանել, սակայն խորհուրդ չի տալիս վիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնել ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի մեջ։
Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում, գրանցվել է վարակման ընդհանուր 98 դեպք, ընդ որում՝ 8 դեպքում վիրուսը փոխանցվել է մարդուց մարդուն՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում եւ ԱՄՆ-ում:
Հյատնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ն Չինաստանը ներառել է այն երկրների «կարմիր ցուցակում», որոնք խստորեն արգելվում է այցելել՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Պետդեպարտամենտը Չինաստանը գրանցել է վտանգի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակում․ «Մի ճանապարհորդեք Չինաստան նոր կորոնավիրուսի պատճառով, որն առաջին անգամ հայտնաբերվեց Ուհան քաղաքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկացիներին, ովքեր արդեն գտնվում են այդ երկրում, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ հեռանալ այնտեղից։