23.11.2024
ՀՀ 7 քաղաքացի գտնվում են Չինաստանի Հուբեի նահանգում. քննարկվում է տարհանման հարցը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իշխանությունները ներքին կարգով արդեն ՍԴ դատավորների «քասթինգ» են սկսում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է «ՍԴ շուրջ զարգացումները նորանոր «գուներանգներ» են ստանում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Փաստն այն է, որ իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու, ինչպես նաեւ ՍԴ մյուս դատավորներին նույնպես «լիկվիդացնելու» հարցում։


Օրերս էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: Դեռեւս չմարսած Վահե Գրիգորյանի ստեղծած «բոլոլան» եւ այդպես էլ չհասկանալով, թե, ի վերջո, ինչով է նա զբաղվում ՍԴ-ում, բացի աշխատավարձ ստանալուց եւ երկարաշունչ ու բոցավառ նամակներ գրելուց, իշխանությունները հիմա էլ իրար են խառնվել ՍԴ մյուս անդամներին փոխելու թեմայի շուրջ։


«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանություններն արդեն իսկ ներքին կարգով որոշել են ՍԴ մյուս յոթ դատավորների տեղերի համար «քասթինգ» անցկացնել։ Չնայած ՍԴ դատավորները հստակ արտահայտվել են, որ վաղաժամ թոշակի չեն գնալու եւ չեն ընկրկելու իշխանությունների տոտալ ճնշումների դեմ, այդուամենայնիվ, իշխանության կուլիսներում սկսել են նոր թեկնածուների կոնկրետ անուններ շրջանառել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական չեզոքության պահպանմանը զուգահեռ, մենք հարեւան-բարեկամ երկրի կարկառուն ռազմական գործիչներից մեկի` Սոլեյմանիի մահը ցավակցեցինք ընդամենը այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարարն էր զանգահարել ՀՀ ԱԳ նախարարին։ Եթե զանգը չլիներ, չէի՞ք ցավակցելու՝ հարցրինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Դա Ձեր եզրակացությունն է, որը բնավ պարտադիր չէ, որ մենք կիսենք դիվանագիտության մեջ, «եթե»-ների տեսությամբ մեկնաբանություններ չեն անում, առավել եւս` չեն տրվում գնահատականներ այն հարցերի վերաբերյալ, որոնք «եթե»-ով են սկսվում»:


Այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե չցավակցեցիք․ Ադրբեջանը, որը հազար ու մի խնդիր ունի Իրանի հետ, ավելին` խոսվում է, որ սպասվող պատերազմի ժամանակ կարող է ԱՄՆ-ի համար դեպի Իրան ռմբակոծման պլացդարմ դառնալ, առաջանցիկ ցավակցեց։ «Ցավակցել ենք այն ժամանակ, երբ որ եղել է ցավակցելու առիթը, պատեհ առիթը եղել է հեռախոսազանգը»: Ի դեպ, այդ ֆոնին ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն այցելեց ՎԵՏՕ-ի գրասենյակ` ուսումնասիրելու ՎԵՏՕ-ում տեղակայված «սորոսյան» պատը․ ինչպե՞ս եք գնահատում փոխդեսպանի այդ քայլը։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, եւ դիվանագիտական ներկայացուցչություններն ինչ կազմակերպությունների եւ ում հետ են հանդիպում, պետք է իրենց հարցնեք»: Փոխդեսպանի այցի մեջ մեսիջ չկա՞ր։ «Պետք է իրենց հարցնել»:


Նույն թերթը գրում է. «Ի՞նչ չեք կիսում «Իմ քայլի» հետ՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Կիսելիք չունենք, պարզապես ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը նաեւ խորհրդարանական այս մեծամասնությունն է, որը կատաղի դաժանությամբ մսխում է Փաշինյանի հանրային վստահությունը, եւ եթե իրենք ուզում են խորհրդարանը վերածել բալագանի, «օք» է, կտեսնենք` ով ում կպարտվի ու ով ում կհաղթի։


Եթե իրենց թվում է, որ մտնելով անձնական դաշտ՝ մենք հնարավոր է ընկրկենք ու անձնական դաշտում չենք կարող հակադարձել, ապա պիտի հիասթափեցնեմ իրենց․ թող վստահ լինեն՝ մենք արձագանքելու ենք ցավոտ` շա՜տ ցավոտ»: Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իրենք էս գլխից ասում են, որ համաձայն չեն կիսանախագահական կառավարմանը, սակայն փոքրիկ պաուզայից հետո հավելում են` կա՛մ խորհրդարանական, կա՛մ ամբողջական նախագահական։


Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը, եթե քննարկումները «հանգեցնեն» լիարժեք նախագահականի, որտեղ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ «Ես գրեթե վստահ եմ, որ կառավարման փոփոխություն չի լինելու, իրենց միակ նպատակը Սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելն է»:


Տեսակետ կա, որ պառլամենտը եւս կցրվի։ «Որեւէ բան այլեւս չեմ բացառում, մանավանդ որ այս պառլամենտն ունի «զրո» քաղաքական բովանդակություն»: Ասվում է` երբեք մի ասա «երբեք»․ բոլոր դեպքերում, դուք կհամագործակցե՞ք Արթուր Վանեցյանի հետ, եթե նոր վարչապետի թեկնածության հարց առաջանա։ «Ծառուկյանն այդ հարցին պատասխանել է` ո՛չ, մենք ինքնաբավ քաղաքական ուժ ենք, ունենք մեր օրակարգը»:


«Հրապարակ» թերթը նաև գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։


Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ եւ իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում։


ԲՀԿ առաջնորդը թերեւս կանխազգում է այդ հեռանկարը, եւ պատահական չէ, որ երեկ չնայած ԱԺ-ում նիստ չկար, բայց նա եկել էր խորհրդարան եւ լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտեց, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


Մեր տեղեկություններով՝ երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Տեղեկացանք, որ աշխատանքները տեւել են երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է Սեյրան Օհանյանը:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Օհանյանը շատ համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն մինչ այդ առանձնազրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ վերջինիս աշխատասենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում կայացած դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Օհանյանը հայտարարել է՝ այս հանձնաժողովի ստեղծումն ինքը հենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են տարիներ առաջ, ու պարզվել են բոլոր հանգամանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետեւանքները՝ համապատասխան հետեւություններ անելով:


«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ու նշել, որ պետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլյան քառօրա պատերազմի օրերին: Ըստ մեր տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը, ինչի մասին ինքը տեղյակ է եղել, եւ կարելի է ասել՝ հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածն իրարից ոչ մի բանով չեն տարբերվել»:


«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների շրջանում։


Նրանք այդ քայլն ընկալել են որպես Փաշինյանի կողմից հերթական ինքնագործունեության դրսեւորման փորձ, ինչը միանշանակ հակասում է ՄԽ շրջանակներում առկա գաղափարախոսությանը։ Հունվարի 29-ին Ժնեւում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի արցախյան ձեւակերպումների հետ»:


«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսն ու դրան սրընթաց հետեւած իրադարձությունները՝ սկսած գրիչի պատմությունից՝ մինչեւ ոստիկանության կողմից ուժի անհիմն գործադրման դրսեւորումները, վկայում են Հայաստանում առկա կարեւորագույն դեֆիցիտի մասին: Խոսքը վերաբերում է համարժեքության դեֆիցիտին: Լայն իմաստով՝ դա այն երեւույթի արտահայտությունն է, երբ ոչ ոք եւ ոչինչ չի համապատասխանում նրան, ինչին կոչված է:


Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի վարչապետը կարողանում է իրեն այնպիսի շռայլություններ թույլ տալ, ինչպես, օրինակ՝ 20-30 րոպե զուգարանների խնդրի մասին խոսակցությունը կամ խանութում վաճառվող թթվասերի տարայի գույնի մասին քննարկումը:


Նույն այդ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս այնպիսի անլրջություն, ինչպես, օրինակ՝ վարունգի կամ բողկի արտահանման ցուցանիշների հրապարակումն է՝ որպես կառավարության ձեռքբերում: Նույնիսկ չենք խոսում այն մասին, որ տարածաշրջանային, արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ, տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ղեկավարը պարզապես չի կարող, անթույլատրելի է, որ սոցիալական ցանցում՝ Ֆեյսբուքում, անընդհատ գրառումներ կատարի, «լայվ» մտնի, փաբերում երեկոներ անցկացնի, քոմենթներ կարդա…


Ահա այդ նույն երկրի վարչապետն Ազգային անվտանգության ծառայությանը սատանաների հետ համագործակցողներին հայտնաբերելու հանձնարարական տալուց հետո իրեն թույլ է տալիս ոստիկանությանը հրահանգել կրկես կազմակերպել Երեւանի կենտրոնում, հետո էլ իշխանական քարոզիչներին հրահանգում է քննարկումներ ծավալել այն մասին, որ դա արել է ոստիկանությունը՝ ինքնագլուխ, ի հեճուկս վարչապետի:


Երկրում տեղի է ունենում ամեն ինչի ու բոլորի հետեւողական արժեզրկում: Արժեզրկվում են Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական կառավարման մնացած համակարգերը: Արժեզրկվում է պետությունն ընդհանուր առմամբ ու ամբողջության մեջ, որովհետեւ այն, ինչ պետության հետ անում է նրա ղեկավարը, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել:


Այսպիսով՝ մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության ու տոտալ արժեզրկման իրականությունում: Ամեն օր անհամարժեքության ցայտուն դրսեւորումներ են արձանագրվում Ագզային ժողովում, կառավարության անհամարժեքության շքահանդեսին ականատես ենք լինում կառավարության ամենշաբաթյա նիստերում կամ վարչապետի գրեթե ամենօրյա լայվերում, խոսքի ու պատասխանատվության անհամարժեքությունը հորդում է ամեն պահի՝ մամուլում, սոցիալական ցանցերում, շարքային ու բարձրաշխարհիկ զրույցներում…


Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելի սուր է դառնում գլխավոր հարցը՝ իսկ որքանո՞վ է գործող իշխանությունը համարժեք մեր հասարակությանը: Ֆորմալ առումով՝ առավել քան համարժեք է, այսինքն՝ լեգիտիմ՝ ստացել է ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը:


Բայց դա եղել է ավելի քան մեկ տարի առաջ, եղել է բոլորովին այլ պայմաններում, բոլորովին այլ՝ հետհեղափոխական իրականության մեջ: Իսկ այսօր արդեն ամեն օր սրվող այդ հարցի պատասխանը չափազանց կարեւոր է՝ համարժե՞ք է արդյոք գործող իշխանությունը՝ իր այս անհամարժեքությամբ, մեր հասարակությանը:


Գուցե եւ համարժեք է: Բայց եթե դա այդպես է, նշանակում է՝ մեր խնդիրներն ավելի խորքային են ու չեն սահմանափակվում պետության հեղինակազրկմամբ ու արժեզրկմամբ: Ու եթե դա այդպես է, նշանակում է՝ մենք գործ ունենք ոչ միայն պետության վախճանի, այլ նաեւ հասարակության ախտավորման սպառնալիքի հետ:


Արժե մտածել այս մասին: Լայվերից ու «Կարգին հաղորդման» սքեթչերից ազատ ժամանակ, բնականաբար»: