ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, Հայաստանի ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հունվարի 29-ին կհանդիպի նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:
Հետաքրքրական է, որ երկու պետությունների արտգործնախարարները հանդիպում են Մյունխենում փետրվարի 14-16-ը սպասվող Անվտանգության համաժողովից մի քանի շաբաթ առաջ, որին մասնակցելու են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:
Ի դեպ Փաշինյանն օրեր առաջ Կապանում կայացած իր ասուլիսի ժամանակ չի բացառել, որ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը:
«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը: Այսինքն՝ եթե լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, Փաշինյանը կարծում է, որ դա վնասակար չէ, օգտակար է։
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Բրատիսլավայում անցյալ տարվա դեկտեմբերին, որի ժամանակ նրանք պայմանավորվել էին ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել 2020 թվականի սկզբին:
Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում: