«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով սոցցանցերում օգտատերերի մեկնաբանություններին:
«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր: Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:
Այսինքն՝ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ: Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»,- գրել է Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 14:40-ին, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է: Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբերը: Բանակցությունների արդյունքում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն: