Կառավարության շենքի դիմաց հունվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացնում անասնաբույծները և մսավաճառները։ Պատճառը կառավարության որոշումն է. կենդանիների մորթն իրականացնել միայն սպանդանոցներում: Ակցիայի մասնակիցները դեմ են այդ որոշմանը և պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ոչ մի տեղ չե գնա, մինչև չհանդիպեն վարչապետի հետ: Նա, դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց՝ «Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»։
Ըստ ակցիայի մասնակցի՝ անասունը տեղափոխելու համար գյուղացին պետք է գումար ծախսի, դրա տեղափոխման համար, հետո սպանդանոցին վճարի: «Տեղափոխման ժամանակ մսի քաշի կորուստ է լինում, նաև՝ որակն է ընկնում: Ո՞վ է այս ամենի պատասխանները տալու»,-նշեց նա:
Օրեր առաջ անասնաբույծները և մսավաճառները կրկին բողոքի ակցիա էին անում նույն տեղում: Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Ակցիայի մասնակիցները սպառնում էին, որ այսօրվանից՝ հունվարի 20-ին, խանութներին միս չեն մատակարարի։
Ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկն ասաց, թե անգրագետ հաշվարկ է արվել, գյուղացուց չեն հարցրել՝ ոնց անեն, որ նրա համար էլ լավ լինի, կառավարության համար էլ լավ լինի, սնունդն էլ մաքուր լինի: «Չեն հարցրել, քնել, վեր են կացել, առավոտը ասել են՝ ամսի 15-ից սպանդանոցներ են գործելու»:
Մեկ այլ մասնակից էլ նշեց, թե օրենքն ընդունելիս հաշվի չեն առել ոչ մեկի կարծիքը, չեն ուսումնասիրել՝ մինչև հիմա այս համակարգն ինչպես է աշխատել: «Անասունի մորթն արվել է, մսագործին վճարել են, միսը՝ վաճառել: Եթե ուզում են՝ մաքուր միս լինի, թող ստիպեն մսագործներին, որ սառնարան-ավտոմեքենաներ առնեն, թող ստուգեն տեղափոխողներին՝ տեսնեն՝ ոնց են տեղ հասցնում միսը».-ասաց նա:
Ցուցարարները տարբեր մարզերի անասնապահներին կոչ արեցին ամեն օրն ժամը 11:00-ին հավաքվել Կառավարության մոտ` մինչեւ հարցը լուծվի: Ցուցարարները բացականչում են «Արդարություն» եւ «Դուխով», «Վարչապետ»: Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան, ակցիայի մասնակիցների թիվը անցնում է մի քանի հարյուրը:
Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ իրենց գործընկերները այժմ փակել են Աշոցք-Ամասիա ճանապարհը:
Մինչ ֆերմերներն ու մսագործները կառավարության շենքի առջև ցույց են անում՝ բողոքելով սնադանոցների գործարկման դեմ, Բագրավան համայնքի բնակիչները Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը։
Ճանապարհը փակելու վերաբերյալ տեսանյութը և լուսանկարները զետեղված են Կարապետ Պողոսյան անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում։