24.11.2024
Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Լկտի եւ անօրինական փորձ է. Թրամփի փաստաբանների պատասխանը իմփիչմենթի գործընթացին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները տվել են առաջին պաշտոնական պատասխանը մեղադրանքներին իմփիչմենթի շրջանակում՝ անվանելով այդ գործը «ժողովրդավարության վրա վտանգավոր ճնշում»,-հաղորդում է BBC News-ը:


Լկտի եւ անօրինական փորձ է


ԱՄՆ-ի նախագահի փաստաբանների թիմը, որում ներառված են Սպիտակ տան խորհրդական Փեթ Սիփոլոունին եւ Թրամփի անձնական փաստաբան Ջեյ Սեքյուլոուն, հայտարարել է, որ բողոքարկում է իմփիչմենթը ընթացակարգային եւ սահմանադրական հիմունքներով՝ նշելով, որ նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ նրա հետ անարդարացի են վարվել:


Թրամփի պաշտպանական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ իմփիչմենթի շրջանակում հոդվածները, որոնք ներկայացված են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից, իրենցից ներկայացնում են «վտանգավոր ճնշում ամերիկյան ժողովրդի՝ իրենց նախագահին ազատորեն ընտրելու իրավունքի նկատմամբ»:


«Դա լկտի եւ անօրինական փորձ է 2016 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ 2020 թվականի ընտրություններին միջամտելու ուղղությամբ դրանցից ընդամենը մի քանի ամիս առաջ»,-նշված է Թրամփի փաստաբանների հայտարարության մեջ:


Թրամփի փաստաբանները նաեւ նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը «կտրականապես եւ միանշանակորեն» հերքում է բոլոր մեղադրանքները:


Թրամփն ու իր փաստաբանները հայտարարում են, որ իմփիչմենթի շրջանակում մեղադրանքների մեջ չի հայտնաբերվել «որեւէ հանցանք կամ օրենքի խախտում», եւ դրանք «անօրինական գործընթացի արդյունք են, որը խախտում է տարրական ընթացակարգերն ու հիմնարար արդարությունը»:


111 էջանոց փաստաթուղթ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներառել են Թրամփին պաշտոնանկ անելու գործով բոլոր հիմնավորումները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:


Նշվում է, որ ըստ Ներկայացուցիչների պալատի հիմնավորումների, Թրամփը խախտել է իր նախագահական երդումը եւ չարաշահել հասարակության վստահությունը:


111 էջանոց փաստաթուղթը ներառում է Թրամփի անվստահության գործով վկաների ցուցմունքները՝ ինչպես անվանական, այնպես էլ գաղտնի, որոնք տրվել են Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ: Ներկայացուցիչների պալատը գտել է, որ ապացույցների ճնշող ազդեցության տակ Թրամփի մեղքն ապացուցվում է:


Սենատում կրքերը կբորբոքվեն հունվարի 21-ին


ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ին, 230 կողմ եւ 197 դեմ ձայների հարաբերակցությամբ, իմփիչմենտի ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփին: Քննարկումները տեւել էին գրեթե 13 ժամ:


Իմփիչմենտի հետագա ճակատագիրը այժմ որոշվելու է ԱՄՆ-ի կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ կա՛մ 50+1 ձայներով կչեղարկվի Ներկայացուցիչների պալատի որոշումը, կա՛մ էլ Սենատի անդամների 2/3-ի ձայներով Թրամփը կհեռացվի Սպիտակ տնից: Ենթադրվում է, որ Սենատը կարող է կիրառել առաջին տարբերակը, որովհետեւ այնտեղ գերիշխում են հանրապետական սենատորները:


Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է եւ մտադիր է 2020 թվականի նախագահական ընտրություններում վերընտրվել երկրորդ ժամկետով:


Իմփիչմենտի գործի քննարկումը Սենատում սկսվելու է երեքշաբթի՝ հունվարի 21-ին: