ՀՀ մարզերում հեռուստաընկերությունները կայանալու խնդիր ունեն. պատգամավոր
Ֆինանսական հնարավորությունների և որակի տեսանկյունից ՀՀ մարզերում հեռուստաընկերությունները կայանալու խնդիր ունեն: Այս մասին ԱԺ-ում ընթացող Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը:
Ըստ նրա, մարզերում բնակչության թվաքանակի և շուկայի պայմանների տարբերությունը չի նպաստում հավասար հնարավորությունների ձևավորմանը` մի քանի կամ գոնե մեկ մարզային հեռուստաալիք ստեղծելու համար: Ըստ այդմ, «մեկ տարածք` մեկ մուլտիպլեքս» սկզբունքով տարածաշրջանային մուլտիպլեքսների ձևավորման համար բարենպաստ հիմքեր չկան :
Բացի այդ, մտավախություններ կան, որ եթե այդպիսի տարածում լինի, կարգավորող մարմնի համար դժվար կլինի վերահսկողություն իրականացնել, իսկ փոքր գումարով փոքր մուլտիպլեքսներ բացելու հնարավորությունը քաղաքական պատճառներով կօգտագործվի:
Հաշվի առնելով վերը նշվածը, ասաց նա, առաջարկվում է անցնել միջտարածաշրջանային, տարածքային մուլտիպլեքսների ձևավորմանը: Նման մեխանիզմները հեշտացնելու են վերահսկողությունը կարգավորող մարմնի համար: Ավելին, դրանց ստեղծումը շահավետ կդառնա միայն այն դեպքում, եթե իրական նպատակը տնտեսական գործունեությունն է և ոչ թե քարոզչությունը: Բացի այդ, դա թույլ կտա հեռուստաալիքներին պահանջել հեռարձակումը՝ անկախ գտնվելու վայրից: