Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է։ Այս մասին ասել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Դատախազը գտել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ նախաքննություն, և դեռևս պետք է կատարվեն բազմաթիվ քննչական, այլ դատավարական գործողություններ, որոնց պայմաններում որևէ այլ խափանման միջոց, բացի կալանավորումը, ի զորու չեն կանխելու մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, չեզոքացնելու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմամբ դատարանի կողմից նշված հիմքերը, գրում է news.am-ը:
Բողոքի հեղինակին հեռախոսով տեղեկացվել է որոշման կայացման մասին:
Նշենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։