25.11.2024
Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի Սուրբծննդյան շնորհավորանքները
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ անվտանգության շահերը վնասող կեղծ լուրերի հեղինակին (տեսանյութ)

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։


Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։


ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։


Նշենք, որ ԱԱԾ տարածած տեսանյութում նշվում է, որ ձերբակալվածն ունի ընդդիմադիր հայացքներ և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրն է։


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել Facebook-ի իր էջում, որտեղ նշել էր, որ հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: Այդ լուրը արագ հայտնվել էր ադրբեջանական մամուլում և դարձել օրվա թրենդ:


«Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:


Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»,- գրել էր Փաշինյանը: