Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում շնորհավորանք է հղել՝ մեջբերելով Մատթեոս 5.3–12, Ղուկաս 6.20–23.
«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։
– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։
– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին,
որոնք ձեզնից առաջ են եղել»,- գրել է նա։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ,
Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ:
Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ:
Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս: Այստեղ կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է մարդու կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ: Ուստի կարողանանք այնպես ապրել, որ այդպիսի փոփոխությունները միմիայն դրական հետևանքներ ունենան բոլորիս համար:
Մեր ազգը շատ իղձեր ունի ամբարած իր հոգում, թող Աստծո զորությամբ այդ իղձերն ի կատար ածվեն:
Մաղթում եմ առողջություն, հոգեկան և մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ ավետիս»: