Ֆեյք էջը կեղծ լուր է տարածում, թե ես Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«1. Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար:
2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում եւ դառնում օրվա թրենդ:
3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում եւ դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»,- գրել է նա:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։
Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: