Սորոսի գրասենյակը («Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ իրենց հետ չհամագործակցելու դեպքում միջազգային հանրության մոտ խնդիրներ կառաջացնեն իշխանության լեգիտիմությանը չվստահելու հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով 2019 թվականին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կատարած գործողություններին ու նրանից եկող վտանգներին:
«Հիմնադրամն իշխանությունից բավականին մեծ «փայատեր» է: Այսքան տարիների ընթացքում այս հիմնադրամն առաջին անգամ հենց իշխանության մի մասն է կազմում և հենց իշխանափոխության պրոցեսում շատ մեծ դեր է խաղացել»,- ասել է նա ու հավելել, որ «Բաց հասարակություն հիմնադրամների» անդամները և ղեկավարներն արդեն բացահայտ ցույց են տալիս իշխանության հետ աշխատելու փաստը:
«Իմ համոզմամբ՝ Սորոսի գրասենյակը շանտաժի միջոցով իր օրակարգը Նիկոլ Փաշինյանի կաբինետում առաջ է տանում: Սորոսի գրասենյակի ցանցը միջազգային հարթակում ավելի ընդգրկուն է, ինչի արդյունքում կարողանում են Նիկոլ Փաշինյանին սպառնալ, որ կզրկեն միջազգային լեգիտիմությունից»,- ներկայացրել է Նարեկ Մալյանը:
Ըստ նրա՝ վարչապետը մեկ-մեկ նման մոտեցումներին շատ թույլ ընդվզում է, սակայն, ըստ նրա, միևնույն է` «Բաց հասարակություն հիմնադրամներ» գրասենյակի առաջ քաշած օրակարգն է ընդունվում: Մալյանը նշեց, որ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը ևս մի շանտաժի գործոն ունի՝ վարչապետին զրկել հանրային աջակցությունից:
«Սորոսի գրասենյակի շանտաժներից մեկը՝ վարչապետին հանրային աջակցությունից զրկելը՝ «Չարի վերջի» գոյություն չունեցող կացինն է, որով Նիկոլ Փաշինյանին պահում են կառավարելի վիճակում, նրան անընդհատ ակնարկում են, որ հանրային աջակցությունը սորոսականների վերահսկողության տակ է գտնվում»,- ասել է նա և հավելել, որ «Բաց հասարակություն հիմնադրամները» ցանկացած պահի հասարակության կարծիքը կարող է շուռ տալ գործող իշխանության դեմ:
Անդրադառնալով «Բաց հասարակություն հիմնադրամներ» գրասենյակի կողմից եկող վտանգներին՝ Մալյանը նշել է, որ գրասենյակն ակտիվ տրանսգենդերային քարոզ է անում, ըստ նրա` գրասենյակը լուրջ աշխատանքներ է տանում երեխաներին դեռ մանուկ հասակից «սեռերի համահարթեցում» քարոզելու նպատակով, որից հետո երեխաներն արդեն հասուն տարիքում իրենց սեռը կասկածի տակ կարող են դնել:
Մալյանը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից որպես սպառնացող վտանգ ներկայացրել է նաև այն, որ հիմնավոր ենթադրություններ կան՝ Ջորջ Սորոսն ակտիվ համագործակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և Հայաստանում կան իր կողմից վարձկան մարդիկ, որոնք Ալիևի ծրագրերն են իրականացնում:
«Սորոսի գրասենյակն ամեն տեղ քիթը խցկում է. բանակ, իրավական համակարգ: Նրանք աջակցում են ահաբեկիչներին, հերոսացնում են ահաբեկիչներին: Սորոսականները բոլոր տեղերում իրենցից վտանգ են ներկայացնում պետության համար: Ներկայիս իշխանության շատ անդամներ համագործակցում են «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ, որոնք ավելի շատ ենթարկվում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին, քան Նիկոլ Փաշինյանին»,- ասել է նա: