VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով հայտնի տեսագրությանը, որտեղ Քոչարյանի «աջակիցն» ինչ-որ մեկին համոզում է գնալ ու փոխել ցուցմունքը, կարծիք էր հայտնել, որ «այս տեսանյութի հետքերով նաեւ հնարավորություն է բացվում հետապնդում սկսել նախագահ Քոչարյանի ընտանիքի առանձին անդամների հանդեպ»: Տեսանյութի հրապարակումից հետո լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները ցանկանում են «հետքը» հասցնել Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին, եւ նրա նկատմամբ եւս հետապնդում սկսել․ կա՞ նման բան՝ հարցրինք Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։ «Չեմ կարող մեկնաբանել պարոն Սողոմոնյանի ասածները, հավանաբար, իր տեսակետն է եւ ոչ թե ինչ-ինչ լուրերի հետ կապված մոտեցում։ Բայց եթե նա ինչ-որ բան է այդ առնչութամբ ասել, հաստատապես հենց այնպես` դատարկ տեղը չի ասի։ Գաղտնիք չէ, որ պարոն Քոչարյանի ընտանիքի նկատմամբ, ընդհանուր առմամբ, հետպնդման գործիքակազմ է կիրառվում»: Մեր տեղեկություններով, դեռ ամիսներ առաջ, երբ «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված գործ հարուցվեց, անձամբ վարչապետից հրահանգ է իջեցվել՝ Քոչարյանի ավագ որդուն եւս կալանավորել, սակայն իրավապահները հորդորել են չգնալ դրան՝ հենց իր շահերից ելնելով, քանի որ «հորը եւ որդուն միաժամանակ նստացնելը մեր հասարակությունը ճիշտ չի հասկանա»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն անգլերենի լավ իմացությամբ աշխատակիցների է ընդունել: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ մեկուսարանում՝ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, գտնվող Ռոբերտ Քոչարյանը որոշել է հարազատների հետ շփվել բացառապես անգլերենով, և ԱԱԾ աշխատակիցներին պետք է եղել վերծանել հաղորդակցման բովանդակությունը: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյանը մեկուսարանում դիտում է միայն CNN: Բազմաթիվ հեղինակավոր լեզվաբաններ և հայագետներ այն հաստատ համոզմանն են, որ հայերեն սովորելը ավելի դժվար է, քան անգլերեն, հատկապես այն դեպքում, երբ մեկնարկային պայմանները հավասար են, այսինքն՝ երկու լեզվին էլ չես տիրապետում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։ Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, եւ գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ ում՝ Կոստանյանը չի ասել․ «Կարծեմ՝ ողջ բաժնին»։ Փաստորեն, ինչպեսեւ գրել էինք, Արարատ Միրզոյանն իր ընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին չոր հանեց այս պատմությունից, չնայած նա էր «ապօրինի» հրամանագրեր տվել, փոխարենը՝ նկատողություն են ստացել շարքային աշխատակիցները»:
«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին, թե «երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդ ուտել» եւ խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու: Ազգային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Այս տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել էր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորել միանգամից՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճ հրավիրելով լրագրողներին, խորհրդարանի աշխատակազմին ու պատգամավորներին: Հավանաբար, մի քանի անգամ իրենք իրենց պարգեւատրելուց հետո խորհրդարանական ղեկավարությունը որոշել էր խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին: Ինչեւէ, գոնե մեկ անգամ Ազգային ժողովի տվյալ դահլիճում եղած մարդիկ կփաստեն, որ միայն լրագրողները եւ խոսնակները հազիվ էին տեղավորվում նախորդ տարիներին, իսկ այս դեպքում՝ տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ: Տեղաշարժվելու ոչ ելք կար, ոչ հնար: Առանձնապես ԱԺ նախագահն էլ չշրջեց ու բաժակ չբարձրացրեց լրագրողների հետ, մնաց տեղում կանգնած՝ սպասելով, թե ով իրեն կմոտենա»:
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզում տեղի ունեցած մարզխորհրդի նիստը խաղաղ չի անցել: Կոկորդիլոսասեր մարզպետը զգացնել է տվել, որ ինքն է մարզի «ասողը», եւ դա պետք է հասկանան բոլորը: Հատկապես այն դրսեւորվել է Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանի նկատմամբ կշտամբանքներով: Այդ կերպ հասկացնելով, որ մարզի «ասողը» ինքն է, հակառակ դեպքում՝ քաղաքապետի բարի ճանապարհին շատ չի մնա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվի 5-ի սեփականատեր, Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ում նկատմամբ մեղադրանք կար՝ կապված գարնանը դատարանի մոտ Վարդգես Գասպարիին պլաստիկ շշով հարվածելու հետ, 8 ամիս շարունակ չէր կարողանում մեկնել Մոսկվա, որտեղ նրա ընտանիքն է ապրում։ Ամանորի շեմին քննիչը թույլատրել էր, որ կարճ ժամանակով մեկնի՝ Նոր տարին ընտանիքի հետ նշելու։ Սակայն երեկ նրան կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին անցավ, սարքեցի՞ք Հաղթանակ թաղամասի կոյուղին, ինչպես խոստացել էիք՝ որպես այդ տարածքի պատգամավոր՝ հարցրինք Հրաչ Հակոբյանին։ «Կոյուղին սարքելու համար Երեւանի ավագանուն էի դիմել, ստացել եմ նամակ, որ այս պահին թաղամասում ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները, եւ պայմանավորվածություն կա «Վեոլիա ջրի» հետ` հաջորդ փուլի համար»: Ե՞րբ եք վերջին անգամ եղել Ձեր ընտրատարածքում։ ««Հաղթանակն» իմ միակ ընտրատարածքը չէ` Շենգավիթը, Հարավ-արեւմտյան թաղամասն էլ են իմը, մի քանի ամիս առաջ եմ եղել»: Պոկեցի՞ք Ձեր նախընտրական լուսանկարները, որ մինչ օրս թաղամասի սյուներին են։ «Ես չեմ հանդիպել. եթե Ձեզ համար դժվար չէ, կպոկե՞ք»: Պոկենք` ի՞նչ անենք։ «Մի մաքուր տոպրակի մեջ դրեք այդ պաստառը, փոխանցեք ինձ»: Ձեր նկարը սյան վրայից նայում է գյուղ մտնող ճանապահին, որը կատաստրոֆիկ վիճակում է՝ նեղ, փոշոտ, մայթ չկա, փողոցի կենտրոնով՝ դպրոց գնացող փոքրիկներ։ «Ասֆալտապատում է ընթանում գյուղի մեջ, հետո կանցնենք գյուղ մտնող ճանապարհին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին։ «Իմ քայլը» հավաքվել է «Լիանա» ռեստորանում, որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Նարեկ Մկրտչյանին։ ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին՝ այն անցկացնելով իշխանության թիրախում հայտնված Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը մեկ օր առաջ մեզ ասում էր, թե հնարավոր է խնջույքը փոխարինեն այլ ֆորմատով, այնուամենայնիվ, պահպանել է հին ու բարի ավանդույթները եւ հավաքվել «Վենեցիա» ռեստորանում։ Դե, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագահականում ամանորյա ընդունելություն է կազմակերպել գործարարների համար, որտեղ բազում հին դեմքեր են եղել։ Ներկա է գտնվել նաեւ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել են էապես խստացնել հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը: Խոսքը վերաբերում է հատկապես ՀԿ-ների ֆինանսավորմանը և կատարվող ծախսերի թափանցիկության ապահովմանը: Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը կոչված է այդ թափանցիկության ապահովմանը: Իշխանությունը այս փոփոխությամբ նպատակ ունի վերահսկելի դարձնել ՀԿ-ների ֆինանսավորումը՝ թերևս մտավախություն ունենալով, որ ներքաղաքական պայքարում ավելի մեծ դերակատարում կարող են ստանձնել ՀԿ-ները, քան կուսակցությունները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության երեկվա նիստի ժամանակ մի շատ խնդրահարույց առաջարկ է արել: «Առաջարկում ենք ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,- ասել է Բաթոյանը: Սա նշանակում է, որ եթե մարդը ամսական 100 հազար և ավելի վարկի գումար է վճարում, ապա չի կարող համարվել սոցիալապես անապահով և կզրկվի նպաստից: Եթե կառավարությունը իսկապես գնա նման լուծման, ապա սա կարող է լուրջ սոցիալական և հասարակական ճգնաժամ առաջացնել: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մարդիկ վարկ են ստանում իրենց ազգականների ու հարազատների համար, և կարելի է ենթադրել, թե ինչ կլինի, եթե մարդուն զրկեն նպաստից իր ազգականի համար վարկ ստանալու համար: Իսկ այդպիսի դեպքերը հարյուրավոր չեն, հազարավոր են, տասնյակ հազարավոր»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մշտապես խնդիր է եղել, որ հաշմանդամ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի նախատեսվում է արգելք դնել հաշմանդամության հիմքով խտրականության վրա՝ արժեւորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը, մշակելով նոր համակարգի անցմանն առնչվող գործընթացներ։ Նշենք, որ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 485 անձ, որից ավելի քան 800 հազարը երեխաներ են։ ՀՀ կառավարությունը ոչ միայն վերանայում, այլեւ ամբողջությամբ փոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ Ի՞նչ է այն ենթադրում եւ ինչքանո՞վ է փոխելու կամ հեշտացնելու հաշմանդամ անձանց՝ լիիրավ անդամ զգալու գործընթացը՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։ «Այս պահին գործում է հաշմանդամության երեք կարգ, նաեւ՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ, որոնք որոշվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, կառավարության որոշումների եւ չափորոշիչների հիման վրա։
Հաշմանդամության կարգը ենթադրում է որոշակի առողջապահական ապահովություն եւ 25 500 դրամ թոշակ։ Պարզ է, որ, մեր տրամաբանությամբ, թոշակը հատկացվում է ֆունկցիոնալ սահմանափակումները հաղթահարելու նպատակով։ Այն նպաստ եւ սոցիալական վճար չէ, այլ տրամադրվում է ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման համար։ Այս տեսակի օգնությունը, ըստ մեր դիտարկումների, չի անհատականացնում հաշմանդամ անձանց կարիքները եւ չի ապահովում նրանց սոցիալական ներառվածությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման գործընթացը»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։ Ըստ նրա` նոր համակարգը բացառում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների առկայությունը եւ ֆունկցիոնալ գնահատում է իրականացնելու համաշխարհային ոսկե ստանդարտներով, բազմամասնագիտական հանձնաժողովների կողմից։ Գնահատման արդյունքում կազմվելու են անհատական ծառայություններ, որոնց միջոցով հաշմանդամ անձինք կկարողանան հաղթահարել իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները։ Նոր համակարգը ուղղված է լինելու անհատական կարիքի գնահատմանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ Հայաստանը իր ներդրումներին չի տրամադրել արդար և համաչափ վերաբերմունք, չի ապահովել ընկերության գործունեության ֆիզիկական պաշտպանվածությունը, չի պահպանել Միացյալ Թագավորության և Կանադայի ներդրողների նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ «Լիդիանը» միայն ճանապարհների փակման հետևանքով իրեն պատճառված վնասը գնահատում է 101 մլն դոլար: Մնում է, որ Հայաստանն էլ հանդես գա «Լիդիանի» դեմ հակընդդեմ հայցով՝ հիմնավորելով, թե իր գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցրել այս ընկերությունը շրջակա միջավայրին և տեղի բնակչությանը, ընդհանրապես՝ մոլորակին: Կարծում ենք՝ այդ վնասը հնարավոր չէ թվերով ու դոլարներով հաշվել»: