Լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնական արդյունքում շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում իշխանության ներկայացուցիչները համար խոսել հարցերի մասին, որոնց սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նախապես շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Նա նշեց, որ Հայաստանում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել քան երբեւէ. «Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ է դրվել այդ հայտարարությունը։ Այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ, երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակության ուղեկցող լրագրողների, եւ ես միշտ խոսակցությունը սկսում եմ այս հարցով՝ արդյոք լրագրողների եւ լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որեւէ կերպ սահմանափակվո՞ւմ է։ Ուրախ եմ արձանագրել, որ դեռեւս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատ է բարձրացվում այն հարցը, թե սոցիալական ցանցերում ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները եւ լրագրողները. «Դա լուրջ խնդիր է, բայց ուզում եմ ասել, որ այս առումով Կառավարությունը եւ ես անձամբ գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները։ Պատրաստ եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով։ Լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումների կամ գործունեությանը խոչընդոտող դեպքեր են, ցավոք սրտի, արձանագրվել։ Ընթանում է հետաքննություն եւ ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Հնչում են կարծիքներ, թե այդպիսի հարձակումները կամ երեւույթները ուղղորդվում են կամ կազմակերպվում են իշխանությունների կողմից, ես կարող եմ ասել, որ այդպիսի բան չի կարող լինել, եւ բացառվում է նման դրսեւորում»։
Անդրադառնալով լրատվամիջոցների եւ Կառավարության հարաբերություններին, վարչապետը նշեց.
«Լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնական արդյունքում շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում իշխանության ներկայացուցիչները համար խոսել հարցերի մասին, որոնց սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարեւորագույնին՝ հասնել Կառավարության գործունեության հարյուր տոկոսանոց թափանցիկության։ Հանկարծ չմտածեք, թե Կառավարության գործունեությունը հարյուր տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար։ Ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որեւէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել։ Լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որ առավել թափանցիկ լինենք որպես Կառավարություն՝ հանրության առաջ»։
Փաշինյանն ասաց, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ Կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ.
«Չեմ ուզում, որ ուղղակի տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ՝ ամեն ինչ պետք է թողել հենց այնպես ինչպես կա, որովհետեւ եթե մենք կարեւորում ենք իշխանության թափանցիկությունը, եւ այդ թափանցիկություն ապահովվող գործիքը լրատվամիջոցներն են, հարց՝ արդյոք տրամաբանական չէ՞, որ հանրությունը նույն կերպ թափանցիկություն ակնկալի ԶԼՄ-ներին»։
Նա խոսեց նաեւ լրագրող եւ խմբագիր եղած տարիների մասին.
«Երկար տարիներ եղել եմ լրագրող եւ խմբագիր։ Համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաստանում գործող որեւէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան Հայաստանում գործող որեւէ խմբագիր, բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր՝ շատ ավելի լավն են։ Իմ կարծիքով Հայաստանում շատ կան մարմիններ, նախարարություններ, անգամ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 կամ 3 տարի առաջ։ Եվ այսօր Հայաստանում կան նաեւ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 տարի առաջվա տրամաբանությամբ։ Կառավարության մասով ես արտահայտվել եմ եւ ասել եմ, որ դա շատ վատ եմ համարում եւ չեմ հանդուրժի, իսկ լրատվամիջոցների մասին չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է»։