Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ. Ռոբերտ Քոչարյան
Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։ Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որը նրա աջակիցների հետ հավաքի ժամանակ ընթերցեց նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի 100-ի հայտարարությունը։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է եւ ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով եւ չընկրկել որեւէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք՝ բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր կապրենք առանց կեղծիքի ու ստի, առանց անամոթ պոպուլիզմի։
Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում, համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշված է ուղերձում։