24.11.2024
Լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար. վարչապետ
prev Նախորդ նորություն

Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները հստակեցնելու կարևորության մասին։ Նրա խոսքով՝ որպես պետություն կայանալու համար Վրաստանը նախ պետք է հստակեցնի իր սահմանները, հետո դրանք պաշտպանի։


Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին պատասխանել է Դավիդ Գարեջի վանական համալիրի մասին հարցին։


Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանների չհամաձայնեցված հատվածներին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ հանձնաժողովները աշխատել են այդ ուղղությամբ, հասել որոշակի փուլի, իսկ հետո գործընթացը կանգ է առել։


«Անհասկանալի է՝ ինչու պետք է ավարտի չհասցնենք այդ գործընթացը մեզ համար բարեկամական երկրների մասնակցությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ ակնկալում է սահմանների որոշակիացում տարվող գործընթացի արդյունքում։


«Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ կպայմանավորվենք։ Չեմ կարող այժմ ասել՝ այն պետք է անցնի այստեղ կամ այնտեղ, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա։ Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար նախ անհրաժեշտ է հստակեցնել մեր սահմանները, իսկ հետո նոր դրանք պաշտպանել։ Հակառակը չի կարող լինել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։


Հայաստանի և Վրաստանի միջև գործում է հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով: