ՀՀ ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը ուշագրավ է այն առումով, որ նախկին իշխանություններն ու նորաստեղծ քաղաքական շարժումներն ու ուժերը փորձում են հակափաշինյանական կոալիցիա ձևավորել՝ այդ կերպ հասնել այսօրվա գործող իշխանությունների տապալմանն ու քաղաքական ռևանշին:
Նիկոլ Փաշինյանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ունի լեգիտիմության մեծ աստիճան՝ թավշյա հեղափոխությունից հետո կայացած ազատ և թափանցիկ, ոչ կեղծված ընտրությունների արդյունքում նա և իր ղեկավարած քաղաքական ուժը վերցրեցին իշխանության մեծ մասնաբաժինը երկրում:
Հակափաշինյանական կոալիցիայի տարբեր թևեր քննադատում են Փաշինյանին տնտեսական ձախողումների, թույլ թիմ ունենալու, ղարաբաղյան հարցում զիջողական դիրքորոշման համար, այսինքն նրանց նպատակն է հարվածել այն կետերին, որտեղ առկա են օբյեկտիվ հարցեր:
Տնտեսական այսօրվա վիճակի, դեմոգրաֆիական վիճակի, ղարաբաղյան հարցի պատային իրավիճակի համար մեղադրել Նիկոլ Փաշինյանին ներքաղաքական պայքար է, պոպուլիզմ և ոչ ավելին:
Հակափաշինյանական կոալիցիան ցանկանում է ինքը գալ իշխանության, սակայն չի առաջարկում առկա խնդիրների լուծման սեփական տեսլականը: Նախկին իշխանությունները ցանկանում են հասնել ռևանշի, սակայն դա անհնար է՝ ժամանակն աշխատում է նրանց դեմ: Նրանք խոսում են այն մասին, որ Փաշինյանը եթե ոչ այսօր, ապա վաղը տապալվելու է, սակայն դա տեղի չի ունենում ու նրանք չունեն Փաշինյանին իշխանությունից հեռացման աշխատող ռազմավարություն:
Հեշտ է քննադատել մի իրավիճակում, երբ նախկին իշխանությունները Փաշինյանին թողել են 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք, թույլ, կոռումպացված քաղաքական և տնտեսական համակարգ, ղարաբաղյան չլուծված հարց՝ սեղանին առկա մադրիդյան փաստաթղթով: Փաշինյանն ու թիմը պետք է հենվեն այն բյուջեի, ֆինանսական այն ռեսուրսների վրա, որոնք առկա են և չեն կարող հրաշքներ գործել:
ՀՀ-ում առկա է աղքատության մեծ մակարդակ, արտագաղթ, մոնոպոլիզացված տնտեսություն, փակ սահմաններ երկու հարևանների հետ և Փաշինյանի կամ այլ գործչի համար բարդ է լինելու լուծել առկա խնդիրներն օպերատիվ կերպով: Ընդդիմության, կառուցողական ընդդիմության ֆունկցիան կայանում է հենց նրանում, որ նրանք Փաշինյանին մատակարարեն ծրագրեր, լավ գաղափարներ, այդ թվում և տնտեսական և փորձեն հասնել նրան, որ այդ առաջարկները կյանքի կոչվեն՝ դա անելով առանց Փաշինյանի անձը վիրավորելու կամ զուտ միայն թրոլինգով:
Իր հերթին, Փաշինյանը պետք է ականջալուր լինի այդպիսի առաջարկներին և չփորձի անտեսել կառուցողական, ռացիոնալ առաջարկությունները, հակառակ պարագայում նա իր անտարբերությամբ այդ առաջարկների նկատմամբ մարգինալիզացնելու է ընդդիմադիր դաշտը, որի թիվ մեկ պահանջն է լինելու միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու ոչ ավելին:
ՀՀ-ի ու Արցախի շուրջ ստեղծվել է բարդ գեոպոլիտիկ իրավիճակ և Փաշինյանի ու ընդդիմության թիվ մեկ խնդիրները միմյանց աջակցելն է՝ տնտեսական, գեոպոլիտիկ, ղարաբաղյան հարցում՝ պետական, ազգային շահն առաջնահերթ համարելով:
Հակափաշինյանական կոալիցիան պետք է պատրաստվի հաջորդ ԱԺ ընտրություններին և կարողանա արդար և թափանցիկ պայքարում մուտք գործել ԱԺ կամ վերցնել էլեկտորատի ձայների մեծամասնությունն ու այդ կերպ հասնել իշխանափոխության:
Այլ մեթոդներով իշխանափոխությունը չի ընդունվելու ո՛չ հասարակության կողմից, ո՛չ էլ միջազգային հանրության՝ ուժային բոլոր կենտրոնների համար Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ է և նրա տապալումն ուժային սցենարներով չի ընդունվի Արևմուտքի ու ՌԴ-ի կողմից, քանի որ դա ապակայունացնելու է ներքաղաքական վիճակն ու ապասառեցնի իրավիճակը Ղարաբաղում: