Նախիջևանին BTK-ին միանալու համար մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներ են անհրաժեշտ
Մինչ օրս Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) երկաթուղով տեղափոխվել է 300 հազար տոննա բեռ: Այս մասին «Ենի Ազերբայջան» կուսակցության շտաբում կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Նրա խոսքով, չնայած որոշ խոչընդոտների, այս գծի ինտենսիվությունը բարձրացնելու համար բեռների ներգրավման հետ կապված աշխատանքները շարունակվում են: Այս ուղղությունը ակտիվորեն օգտագործվում է ռուսաստանյան ընկերությունների կողմից. «Տվյալ պահին այս ոլորտում աշխատանքներ են տարվում Ղազախստանի հետ և արդյունքում հնարավոր կլինի լրացուցիչ ներգրավել 500-600 հազար տոննա բեռ»:
Գուրբանովը հավելել է, որ աշխատանքներ են տարվում այս գծով ուղևորափոխադրումների կազմակերպման շուրջ. «Վերջերս այս ուղղությամբ փորձարկվել է ուղևորատար գնացքը: Համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստվել են, և դրանց ստորագրումից հետո կսկսվեն ուղևորափոխադրումներ»:
Ինչ վերաբերում է Նախիջևանին BTK-ի միանալուն, Գուրբանովը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է Թուրքիայում 280 կմ երկարությամբ գիծ կառուցել. «Իսկ դրա համար պահանջում են մոտ 2 միլիարդ դոլարի ներդրումներ»: