Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ պատասխանը Մամեդյարովին
Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը:
«Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, Մամեդյարովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ Բրատիսլավայում կայացած վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այսպես կոչված «Լավրովի պլան»-ին:
Շարունակելով Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում հստակ ներկայացվել է:
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ: Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները կամ մեկնաբանությունները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասաց Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն արտահայտությանը, թե հասկանալի չէ՝ ո՞րն է Հայաստանի համար անվտանգություն հասկացությունը, խոսնակը շեշտեց՝ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է: Իսկ Ադրբեջանը այս 30 տարիներին իր հայատյաց քաղաքականությամբ հստակ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը.
«Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,- հավելեց ԱԳՆ ներկայացուցիչը: