24.11.2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի
prev Նախորդ նորություն

Աղքատությունը պետք է հաղթահարել ոչ թե գլուխներում, այլ մարզերում

Հայաստանում աղքատ է 700 000 մարդ, որից ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 30 000։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան։


«Աղքատների ու ծայրահեղ աղքատների մեծ մասը՝ 65-66 տոկոսը քաղաքաբնակ են։ Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում` այնտեղ բնակչության 42.2 տոկոսն աղքատ է։ Հաջորդը Լոռու մարզն է` 29.4 տոկոս ցուցանիշով, հետո Տավուշի և Արմավիրի մարզերը` համապատասխանաբար 25.6 և 25.3 տոկոսներով»,– նշել է Մարտիրոսովան։


ՀՀ իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի այսօրվա սոցիալական, ժողովրդագրական պատկերի բարելավումը՝ դրանք այսօրվա ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքներն են:


Աղքատության այսպիսի պատկեր ունեցող երկրում հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն, քանի որ հեղափոխության և խորքային փոփոխությունների համար անհրաժեշտ է ունենալ միջին խավի մեծ շերտ, որի վրա հենվելով հնարավոր է կյանքի կոչել բարեփոխումները, ինչի մասին ամեն օր հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Աղքատության և ժողովրդագրական այսօրվա վիճակի համար, իհարկե, Փաշինյանը մեղավոր չէ՝ նա իշխանության է եկել, երբ երկրում արդեն իսկ այսպիսի տխուր պատկեր էր: Փաշինյանը սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական այսպիսի ժառանգություն է ստացել նախորդ իշխանություններից: Իրավիճակի շտկման համար Փաշինյանն ու թիմը պետք է առաջին հերթին զբաղբեն նոր աշխատատեղերի, տնտեսական, արդյունաբերական հզորությունների ստեղծմամբ՝ ՀՀ-ում վիճակը շտկելու համար ամեն ամիս Հայաստանի որևէ մարզում պետք է բացվի նոր ձեռնարկություն կամ գոնե դրվի նոր ձեռնարկության, գործարանի առաջին քարը, որպեսզի մարզերի, գյուղերի բնակչության մոտ հույս արթնանա, որ շուտով լուծվելու է նրանց համար աշխատատեղերի ամենացավոտ հարցը:


Քանի դա չի արվում՝ մյուս բոլոր հայտարարություններն ուղղակի կարելի է դիտարկել, որպես իմիջմեյքինգ ու PR ակցիաներ, որոնք ունեն շատ կարճ կյանք և զրոյական ազդեցություն այսպիսի աղքատության պայմաններում բնակվող մարզերի բնակչության վրա:


Եթե դիտարկենք ամենաաղքատ մարզերի պատկերը, ապա կտեսնենք, որ դրանք բոլորն էլ սահմանամերձ մարզեր են, ինչը վտանգում է ՀՀ ազգային անվտանգությունը, բանակի թիկունքն ու անգամ ժողովրդագրական ապագան:


Շիրակի մարզը տասնամյակներ շարունակ ունի աշխատատեղերի խնդիր՝ մեծ է հատկապես երկրաշարժից տուժած Գյումրիից արտագաղթը: Շիրակի մարզը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Ծայրահեղ վտանգավոր է, երբ դատարկվում են սահմանամերձ մարզերն ու բնակավայրերը: Նույն պատկերն է Լոռիում և Տավուշում: Տավուշի մարզը սահմամերձ է Ադրբեջանին՝ գտնվում է կրակի տակ, մյուս կողմից՝ Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանին: Այսինքն, սահմանամերձ մարզերի դատարկումը թուլացնում է նաև սահմանները պահող բանակի թիկունքը, մոբռեզերվն ու պաշտպանունակությունն այդ բնակավայերրի պատերազմի դեպքում:


Փաշինյանի և կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե կոչերը հաղթահարել աղքատությունը մարդկանց գլխներում՝ դա փիլիսոփայական կատեգորիա է, այլ ներդրումների միջոցով ստեղծել տնտեսական հզորություններ աղքատ և դատարկվող մարզերում: Հենց դա կլինի իսկական տնտեսական հեղափոխություն, որը կկոտրի թե՛ արտագաղթի տեմպերը, թե՛ կլուծի ժողովրդագրական պատկերի փոփոխության հարցը: