6.12.2024
Նախարար. Սեփականատիրոջ փոխվելուց հետո ՀԷՑ-ում կորուստները նվազել են
prev Նախորդ նորություն

Նախարար. Իրան-Հայաստան գազամուղը կարող է իրանական գազը հասցնել Վրաստան

Իրան-Հայաստան գազամուղը հնարավորություն ունի իրանական գազը հասցնել Վրաստան, եթե Թբիլիսի բանակցությունները Թեհրանի և Մոսկվայի միջև հաջողակ լինեն: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, հայկական կողմն այս պահին ուշադրությամբ հետևում է այդ քննարկումներին, վերջնական որոշում դեռևս կայացված չէ, սակայն բանակցությունների հաջողության դեպքում Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա:

«Ինչպես հայտնի է, որ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը կազմում է տարեկան 2.2 միլիարդ խմ, այս պահին մենք Իրանից ստանում ենք առնվազն 400 միլիոն խմ: Անհրաժեշտության դեպքում այդ խողովակը կարող է լինել տարանցիկ: Մենք տնտեսապես շահում ենք այդ գործարքից»,-նշել է նա:

Նշենք, որ Թբիլիսին և Թեհրանը բանակցություններ են վարում Իրան գազի առաքման շուրջ: Խոսքը գնում է տարեկան 500 միլիոն խմ գազի մասին:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև բանակցությունների մասին՝ գազի գների նվազեցման շուրջ: Մինչ այդ, ՀՀ կառավարությունը ռուսական կողմին է դիմել գազի գինը նվազեցնելու խնդրանքով, որը սահմանին կազմում է 165 դոլար խմ համար: Զախարյանը նշել է, որ հարցն այս պահին քննարկվում է և նախապես ինքը չի ցանկանում կանխատեսումներ անել:

Անդրադառնալով այն հարցին, կարող է արդյոք Իրանը դառնալ գազի առաքման այլընտրանք, եթե ՌԴ-ը հրաժարվի նվազեցնել գազի գինը, Զախարյանը բացասական պատասխան է տվել: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ը տարեկան ՌԴ-ից ստանում և օգտագործում է մոտ երկու միլիարդ խմ գազ, նույնքան էլ կազմում է Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը:

Իրանական գազն առաքվում է Երևանի ՋԷԿ և վերածվում է էլեկտրաէներգիայի: ՀՀ-ը Իրանին գազի համար վճարում է էլեկտրաէներգիայով: Կառավարության ծրագրերում առկա է մոտակա ժամանակներս կառուցել ՋԷԿ-ի երկու բլոկ, ինչը թույլ կտա ավելացնել Իրանի առաքումների 400 միլիոնից մինչև 1.2 միլիարդ խմ գազ: Նախարար Զախարյանը նաև բամբասանք է անվանել այն լուրերը, թե Իրանը պատրաստ է ՀՀ-ին գազ վաճառել ռուսական գազից ավելի ցածր գնով:

Հիշեցնենք, որ Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ռեյիսին 2013թ-ին հադես եկավ աղմկահարույց հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ՝ փաստորեն հերքելով Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե իրանական կողմն Հայաստանին գազ առաջարկում է ավելի թանկ գնով, քան Ռուսաստանից ներմուծվողը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ Իրանը չի վաճառելու մեզ գազ 165 դոլարով: Եվ ավելին, Թեհրանն աշխարհի ոչ մի երկրի չի վաճառում իր գազը այդ գնով», - նշել է նա: