Փորձում ենք այնպես անել, որ գազի գնի տատանումը բեռ չդառնա. փոխվարչապետ
Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որպեսզի գազի հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե՛ սպառողի, թե՛ տնտեսության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ վերահաստատելով այն, որ սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա:
Թե ինչ է լինելու ապրիլի մեկից հետո նա դժվարացավ պատասխանել՝ նշելով, թե բանակցություններն շարունակվում են: Բանակցությունների հիմնական թիրախն այն է, ասաց փոխվարչապետը, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ կլինի հասարակ սպառողի ու տնտեսության համար:
«Կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,- ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ռուսական գազին այլընտրանքին և հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է, օրինակ, Իրանի հետ՝ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով, փոխվարչապետն ասաց, որ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են. «Ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք՝ այդ թվում այլ երկրների հետ: Գուցե ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով՝ այո»,- հավելեց փոխվարչապետը: