25.11.2024
Ավտոներկրողները փողոց են փակել. բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց Սանասարյանի գործը կասեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանը նոյեմբերի 27-ին մերժեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (որի լիազորությունները դադարեցվել են) պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ինեսսա Պետրոսյանը նշել էր, որ Ազգային անվտանգության մասին օրենքի 4.2 հոդվածը, ինչպես նաև ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշումը հակասում են Սահմանադրությանը:


«Դատարանը չի հանգել այն եզրակացությանը, որ կա հակասություն ձեր կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև, ուստի դատարանը մերժում է միջնորդությունը»,- ասաց Բալայանը:


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է:


Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանը:


Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: