VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ՀԱԿ-ում բավականին մեծ հիասթափության ալիք կա։ Չնայած արդար կլինի ասել, որ մինչ այդ էլ այնտեղ մեծ հիացմունքով չէին խոսում իրենց նախկին թիմակցի մասին։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր. «Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության եւ փորձել են պահել այդ իշխանությունը»։ ՀԱԿ-ում ավելի շատ նեղվել են, որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին նույն հարթության մեջ է դիտարկել։ Ինչպե՞ս կարող էր։ Սակայն Տեր-Պետրոսյանի կադրերը, լինելով Փաշինյանի կառավարության մաս, շարունակում են լիարժեքորեն օգտվել օրվա իշխանության բարեհաճությունից, բայց եւ միշտ հավատարիմ մնալ առաջին նախագահին։ Բոլոր առումներով։ Ի դեպ, ՀԱԿ-ում երբեք չեն մոռացել ու չեն պատրաստվում մոռանալու Նիկոլ Փաշինյանի առաջին «դավաճանությունը», երբ նա լքեց ՀԱԿ խմբակցությունը եւ խիստ քննադատեց Տեր-Պետրոսյանին։ Հիշեցնենք, թե 2016-ի ամռանն ինչ էր ասել Փաշինյանը Տեր-Պետրոսյանի մասին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ դաշինք է կազմել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան։ Դա մի խայտառակ եւ ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար, եւ այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»։
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ակտիվ քաղաքական գործընթացների մեջ է։ Փնտրում ու «հավաքագրում» է քաղաքական անբասիր կենսագրություն ունեցող գործիչների, որոնք գրեթե առնչություն չունեն նախկինների, բացարձակ «աղերս» էլ չունեն նաեւ ներկաների հետ։ Համենայն դեպս, այս չափորոշիչներն է Վանեցյանը կարեւորում, բայց թե որտեղից պետք է պեղի այդպիսի մարդկանց, դժվար է պատկերացնել։ Իսկ եթե հաշվի էլ առնենք նրա նախկին աշխատավայրը, որտեղ բոլոր քաղաքական գործիչներին հետեւում էին անտեսանելի աչքն ու ականջը, պարզվում է՝ Վանեցյանը մեծ ընտրություն չունի։ Սակայն, մեր տեղեկություններով, Վանեցյանի քաղաքական գործունեության մեկնարկը շատ լուրջ նախապատրաստվում է, աշխատում են բոլոր ուղղություններով՝ եւ տեղեկատվական, եւ թիմային, եւ քարոզչական»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրան 48 ժամ տալով ներկայանալու համար։ Մենք կապվեցինք Կոստանյանի հետ, ով տեւական ժամանակ Մոսկվայում է։ Նա կատարվածը «նախատոնական շոու» անվանեց եւ ասաց, թե ինքը զգուշացրել էր, որ կներկայանա քննաշրջանից հետո (Կոստանյանը դասավանդում է բուհում), «այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է»։ Նա այս մեղադրանքից հետեւություն է արել, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման ցանկությունը բացակայում է։ Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ՝ հարցրինք Գեւորգ Կոստանյանին։ «Դա արդեն հարցի 48-րդ կողմն է»։ Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես Ձեզ կձերբակալեն։ «Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է»։ Չե՞ք վախենում «նստելուց»։ «Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում՝ միայն Աստծո պատժից»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ Սերժ Սարգսյանի մերձավորը համարվող, ՌԴ-ում կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, ՀՀ իրավապահներին չեն հանձնի: Հայ իրավապահները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, մտահոգ են, չեն բացառում, որ Լ. Սարգսյանն էլ ՌԴ քաղաքացի կլինի, որովհետեւ ավելի քան 8 տարի նա այդ երկրում է ապրում: Բայց բանակցությունները` նրան ՀՀ բերելու շուրջ, շարունակվում են: Հիշեցնենք` 2008-ին Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն, ըստ իրավապահների, հենց Ալրաղացի Լյովիկն է եղել, ինչը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաստատվել է հենց հանցավոր խմբի պարագլուխներ Ա. Կարապետյանի՝ Կոշիկի Արայի եվ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ու մյուս անդամների` ԱԱԾ-ում տված գրավոր ցուցմունքներով: Պարզվում է՝ Ա. Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը ձեռք են բերել վերջինիս մոտ աշխատած ու առանձնատանը քաջատեղյակ Սուրեն Ղազարյանից, որն, ի դեպ, Ալրաղացի Լյովիկի փեսան է եւ չի ընդունում մեղադրանքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։ Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։ Հետո մի կարճ պահ հայտնվեց Երեւանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին, քանզի վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է։ Իսկ երեկ կրկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է հայ մշակութային գործիչների եւ Ֆրանսիայի հայկական դպրոցների հետ եւ ներկա է գտնվելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին։ Արձանագրենք, որ երեւանյան նստացույցի օրերին նա նախարարություն էր մտնում հետնամուտքից եւ ամեն ինչ անում էր, որ ուսանողների հետ չառերեսվի։ Հիմա էլ, փաստորեն, խուսափում է հանդիպումից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երիտասարդները, որոնք պահանջում էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այսպես ասած, ապազգային քաղաքականություն վարելու համար, դադարեցրել են նստացույցը՝ Հարությունյանին հրավիրելով իրենց բարձրացրած հարցերի շուրջ քննարկման: Քննարկման պարագան, ըստ երեւույթին, այսպես ասած, «երգով նահանջի» տարբերակն է կամ ճանապարհը, քանի որ ակնառու է փաստը՝ հրաժարականի ակցիայի կամ պայքարի տապալումը: Այդ գործընթացի դրոշակակրի դերը փորձեց ստանձնել ՀՅԴ-ն, դառնալ գործընթացի առաջամարտիկը, գուցե նախարարի հրաժարականի դափնեկիր դառնալու ակնկալիքով: Սակայն փաստացի ստացվում է, որ Դաշնակցությունը դառնում է գործընթացի տապալման կրողը: Ակնառու է իհարկե այն, որ ՀՅԴ-ն այստեղ մենակ չէր, եւ մի շարք ուժեր, որոնք ներկայացնում են նախկին համակարգը, սպասարկում այդ համակարգի տարբեր թեւերը, փորձում էին օգտագործել նախաձեռնությունը: Միեւնույն ժամանակ, սակայն, ինչպես եւ նկատել էինք դրա առիթով օրեր առաջ՝ ակնառու էր, որ նրանք ձեռնպահ էին մնում պատասխանատվության շրջանակ մտնելուց, տարբեր պատճառներով: Այդ թվում գուցե եւ այն, որ անհաջողության դեպքում ամեն ինչ մնա միայն ՀՅԴ-ի վրա:
Մենք առիթ ունեցել ենք այդ հանգամանքը դիտարկելու եւ արձանագրելու, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը գործնականում իր մեջ կրում է նաեւ նախկին իշխող համակարգում ուժերի հարաբերակցության համար պայքարի էական տարրեր: Ահա այդ տրամաբանությամբ, մի կողմից աջակցելով ակցիային, մյուս կողմից չմտնելով դրա որեւէ արդյունքի համար պատասխանատվության դաշտ, նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր, մեծ հաշվով, նույնիսկ ակնկալում էին ՀՅԴ անհաջողությունը՝ ներքին հարաբերակցության առումով մրցակիցներից մեկի դիրքերը թուլացնելու նպատակով: Ի վերջո, նրանք, թերեւս, լավ էին պատկերացնում կա՛մ ակցիայի անհեռանկարայնությունը, կա՛մ անգամ որեւէ հաջողության պարագայում դրա քաղաքական էական նշանակության բացակայությունը, որովհետեւ այն հազիվ թե դառնար նոր քաղաքական հաջողության ճանապարհին դրված առաջին աղյուս՝ մի շարք քաղաքական եւ հանրային գործոններից ելնելով: Այլ հարց է, որ փորձ էր արվում ստուգել նաեւ Նիկոլ Փաշինյանի ամրությունը: Այդ իմաստով, Փաշինյանը պահեց առաջին հարվածը, ընդ որում պետք է նկատել, որ ուժերի ամենեւին ոչ գերլարումով: Խոշոր հաշվով, ԿԳՍՄ նախարարի հրաժարականի շուրջ զարգացումը կամա, թե ակամա արձանագրեց ընդամենը հետհեղափոխական իրողություններում՝ չնայած մեկուկես տարի անց ուժերի հարաբերակցության հիմնականում անփոփոխ ստատուս-քվոյի հանգամանքը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա մասնավոր սեկտորում է աշխատանքի տեղավորվել՝ զբաղեցնելով խորհրդականի պաշտոն։ ՀԾԿՀ-ից պարզաբանեցին, որ ավարտվել էր Սողոմոնյանի պաշտոնավարման ժամկետը։ Միքայել Սողոմոնյանը 1999 թվականից աշխատում էր ՀԾԿՀ-ում, 2011 թվականից հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն էր: 2017 թվականին Սերժ Սարգսյանի որոշմամբ Միքայել Սողոմոնյանը նշանակվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»:
«Փաստ» թերթը գրում է. «2019 թ. պետբյուջեն թերակատարվել է, որը հիմնականում պայմանավորված է ծրագրված, բայց չիրականացված կապիտալ ծախսերով։ Դրանք պետական բյուջեի այն միջոցներն են, որոնք ներդրվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում՝ կրթության, առողջապահության և այլ ոլորտներում, ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու հիվանդանոցներ են վերանորոգվում և այլն: 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կապիտալ ծախսերի թերակատարման հետ կապված իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ կերպ է բնորոշել. «Պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու մասով»։ Այս մտայնությամբ էլ կառավարությունը, Փաշինյանի դիտարկմամբ, որոշել է ձեռնպահ մնալ մի շարք կապիտալ ծախսեր կատարելուց, սակայն պետք է նկատի ունենալ, որ կապիտալ ծախսերի իրականացումը միտված է մեծացնելու տնտեսության արտադրողականությունը և տնտեսական աճի ներուժը, և եթե կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակական բնույթ կրի, այն խորը բացասական հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար: Ըստ էության, չկատարված ծախսերի արդյունքում տնտեսությունը տուժել է, և տարեսկզբի ինն ամիսներին պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1 276 մլրդ դրամի ծախս, որից կատարվել է 1 053 միլիարդը, և արդյունքում չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ։ Իսկ 225 մլրդ դրամը, որը համարժեք է 468 մլն դոլարին, Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար բավականին մեծ գումար է, և ժամանակին ներդրվելու դեպքում այն կարող էր ունենալ լրացուցիչ տնտեսական, ինչու չէ՝ նաև սոցիալական էֆեկտ։
Եվ բավականին տարօրինակ է, որ բյուջեում մեծ չափով չծախսված գումար է հավաքվել, սակայն կառավարությունը արտերկրից ակտիվորեն վարկեր է ներգրավում: Միայն վերջին շրջանում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։ Իսկ Համաշխարհային բանկն էլ նոր, խոշոր՝ 50 միլիոն դոլարի վարկ է հաստատել Հայաստանի կառավարության համար: Ուստի պատահական չէ, որ մասնագետների շրջանում վարկերի ներգրավման արդյունավետության հետ կապված մտահոգություններ կան: Եթե կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել բյուջեով նախատեսված ծախսերը, ապա որքան արդյունավետ կարող է ծախսել վարկային միջոցները, որոնք ավելացնում են պետության արտաքին պարտքը: Մյուս կողմից՝ կառավարության այսպիսի տնտեսական քաղաքականությունը տարակուսանք է առաջ բերում այն համատեքստում, որ երբ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես դեմ էր արտահայտվում վարկերին: Օրինակ՝ վերջինս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պնդում էր. «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, և իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանը սկզբունքային մոտեցում չունի ոչ միայն նախկինում իր արտահայտած քաղաքական հայտարարությունների հարցում, այլև տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությամբ: Սա պոպուլիստական գործիչներին բնորոշ վարքագիծ է, և, ըստ էության, նախկինում վարկային համաձայնագրերը քննադատող վարչապետն այսօր ինքն է հայտնվել վարկային տենդի մեջ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետ Կարեն Համբարձումյանը, ով ի պաշտոնե կոչված է պայքարելու համակարգի կաշառակերների դեմ, ինքն է հեռացվել պաշտոնից ՊԵԿ աշխատակիցների բաղձալի «տարին փակելու» գործընթացի արդյունքում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հարկատուների հետ «տարին փակելու» օպերացիան այդքան էլ բարեհաջող չի անցել։ «Տարին փակելը» հարկայինում բոլորին հայտնի տերմին է։ Ամեն տարի դեկտեմբերին տեղի են ունենում տարվա ընթացքում «եփած» հարկատուների վիթխարի մուծումները ՊԵԿ չինովնիկներին՝ տարվա ընթացքում թաքցրած հարկի 50 տոկոսի չափով։ Ըստ լուրերի՝ հենց այս գործընթացում Համբարձումյանին «քաշել» են։ Ուշագրավ է, որ Կարեն Համբարձումյանը ՊԵԿ-ից ազատվում է արդեն երկրորդ, թե երրորդ անգամ»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մերժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում: Օրենքի նախագիծը միջանկյալ քայլ է դրսին` Վենետիկի հանձնաժողովին, ցույց տալու, որ իրենք ամեն ինչ արեցին` դատական ընդհանուր համակարգը, ՍԴ-ն «հեղափոխականորեն» առողջացնելու համար եւ վերջին կետ մնացել է սահմանադրական փոփոխություններով հարցը լուծելու տարբերակը: Իսկ այդ փոփոխություններով (կամ նոր սահմանադրությամբ) ՍԴ-ն «նորոգելուն» զուգընթաց, հանրաքվեով իրենք կանցնեն նախագահական կառավարման: Ի դեպ. այդ մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ տարի առաջ է զգուշացրել իր մտերիմներից մեկին` ասելով. «Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման. հենց միայն այն պատճառով, որ ինքը գործ անող չի, ընդամենը պոպուլիստ-խոսող է։ Շատ արագ կգնա նախագահական կառավարման, կդառնա նախագահ` կխոսի-կխոսի, իսկ վարչապետն իր ենթակայությամբ իր փոխարեն գործ կանի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ կարող է քննարկվել դատավորներին նախատեսված տարիքից շուտ թոշակի ուղարկելու կառավարության նախագիծը: Շատերի պնդմամբ՝ այդ նախագիծը խնդիրներ ունի սահմանադրականության հետ, եւ չի բացառվում, որ ընդդիմությունը ձայների 1/5-րդով դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այս նախագծի սահմանադրականությունը: Եվ եթե ՍԴ-ն հիմնավորի նախագծի հակասահմանադրական լինելը, դրանով մի կողմից կխայտառակվի իշխանությունը, մյուս կողմից՝ կկանխի օրենքի ընդունումից օգտվել ցանկացողներին»:
«Փաստ» թերթը գրում է. «Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերի շրջանակներում Հայաստան էր այցելել ադրբեջանցի երեք լրագրող: Ծրագիրը համակարգել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Նման այցերի կարեւորությունն ու իրենց նպատակին ծառայելու հավանականությունը այլ խնդիր են, դա միանշանակ գնահատականի չի արժանացել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հասարակության կողմից: Սակայն խնդիրը զուտ այցերը չեն: «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստան այցելած ադրբեջանցի լրագրողների որոշ «էքսկուրսիաների» հետ կապված: Մեր ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն եւ այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ։ Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաեւ ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն։ Նշենք, որ սա մի կառույց է, որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակներում պատշաճ կառավարում իրականացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք արտակարգ իրավիճակների նախարարություն: Այստեղ չհերքեցին մեր տեղեկությունը, սակայն խնդրեցին մանրամասների համար դիմել արտգործնախարարություն: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն է այցելել ադրբեջանցի երեք լրագրող։ «Ադրբեջանցի լրագրողները ճանաչողական այցի շրջանակներում այցելել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասաց Նաղդալյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին Արցախում տեղի կունենա Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը կհայտարարի գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին, նախագահի թեկնածու կառաջադրի Աշոտ Ղուլյանին, որի մեկնարկային դիրքերը փոքր-ինչ լավ են Մասիս Մայիլյանից, բայց երկուսն էլ զիջում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։ «Արայիկ Հարությունյանը շատ ակտիվ է աշխատում, մանավանդ՝ թիմակիցներով Հայաստան այցելելուց եւ ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Ասում են՝ Մասիս Մայիլյանի թիմն էլ հստակ հարց է դրած եղել հայաստանցիների առաջ՝ ճշտել, թե ում է պաշտպանում Հայաստանը։ Նրան հասկացրել են, որ, որպես անցողիկ թեկնածու, Արայիկ Հարությունյանի վրա են կանգ առել։ Բայց ուժերի հարաբերակցությունն ամեն րոպե կարող է փոխվել, եւ հնարավոր է Աշոտ Ղուլյանի կողքը կանգնեն բոլորը` գեներալիտետը, հայաստանյան ընդդիմադիրները, մեդիա-տեխնոլոգիաները, ռուսաստանյան որոշ գործարարներ։ Խոսվում է Կամո Ավակումյանի, Գենա Ստեփանյանի (Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի քավորն է) մասին։ Ժամանակ դեռ կա, պետք է սպասել»,- ասաց արցախյան աղբյուրը: Մեր հարցին` նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես մրցակից, Աշոտ Ղուլյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պահին կարելի է վերջնական պատասխան տալ այդ հարցին. մրցակցային դաշտը նոր-նոր է ձեւավորվում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, եւ պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով: Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, եւ դատարանը բավարարել է «Մոսէսքո»-ի դիմումը: «Սանիթեք»-ին սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաեւ ավտոպահեստամասերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը, որի տնօրեն Լյուդվիգ Պարոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե «Սանիթեք»-ն իրենց էլ 27 մլն 245 հազար դրամ է պարտք: «Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում… Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- ասել է Լ. Պարոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ «Սանիթեքը» ավելի քան 60 ընկերության պարտապան է»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու և պարբերաբար շահարկելու համար։ Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել և հանձնարարվել է, առայժմ ներքին կարգով, հանձնաժողով ձևավորել ու կոնկրետ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ ֆինանսական հոսքեր ունի տվյալ ձեռնարկությունը։ Հանձնարարվել է, որ հարցի վերաբերյալ հատուկ եզրակացություն ներկայացնեն նաև ՊՎԾ-ն, ԱԻՆ-ը և ՀԾԿՀ-ը՝ ընկերության գործունեության ամբողջական ու համապարփակ պատկերն ունենալու նպատակով»: