Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դինամիկա կա․ Նիկոլ ՓաշինյաՆ
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Վարչապետ ընտրվելու պահից ի վեր մեր հարաբերություններում նոր դինամիկա է առկա: Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իմ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա հաջորդ տարի, որին կհետևի Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի:
«Այս ամենը կարևոր նախադրյալներ է ստեղծում մեր երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ ձեր այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ես շատ լավատեսորեն եմ վերաբերվում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հայտարարեց Փաշինյանը: