23.11.2024
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետը այցելել է Հայաստանի հետ սահման
prev Նախորդ նորություն

Հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ ստատուս-քվոն անընդունելի է. ԱՄՆ

ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և կողմերի հետ միասին առաջ է տանում  հակամարտության խաղաղ կարգավորումը։ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում։

Նա նշել է, որ մեկ տարի առաջ Մշտական խորհրդում համանախագահների հայտնվելուց հետո շատ բան է փոխվել՝ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, բազմաթիվ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Գիլմորը նաև մտահոգություն է հայտնել, որ շփման գծում շարունակվում են մարդիկ զոհվել.


«Այդ կորուստները ցուցադրում են հակամարտության հետևանքով շարունակվող մարդկային զոհերը, ինչը բարձրացնում է լարվածությունն ինչպես տեղերում, այնպես էլ մայրաքաղաքներում։ Նման միջադեպերը խորացնում են անվստահությունը և թշնամանքը՝ նվազեցնելով ամուր կարգավորման հեռանկարները։ Միևնույն ժամանակ մեզ հուսադրող են բարձր մակարդակով կառուցողական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԱԳ նախարարների միջև»,- ասել է Գիլմորը։


Շարունակելով նա նշել է, որ նման մակարդակի շփումների արդյունք պետք է և կարող են դառնալ ուղղակի և դրական դիվիդենդները.


«Մենք կոչ ենք անում կողմերին պայմանավորվել կոնկրետ միջոցների մասին, որոնք քննարկվել են այս տարի, կոնկրետ հումանիտար միջոցների և անվտանգության միջոցների մասին, որպեսզի բնակչությունը պատրաստվի խաղաղության և լարվածության թուլացման։ Պայմանավորվածություններն առկա են, բայց դրանք հարկավոր է վերածել կոնկրետ գործողությունների արդեն այսօր:


Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում և ստատուս-քվոն անընդունելի է: ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և կողմերի հետ միասին առաջ է տանում հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասված է հայտարարության մեջ։