Եթե կա խորհրդարան, որտեղ պիտի խոսվի Ցեղասպանության մասին, Թուրքիայի ԱԺ-ն է. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանում՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Նախքան 1915 թվականը այս հողերի վրա՝ Սպարտայում, Մերսինում, Ադանայում, Տրապիզոնում, Տրգրանակերտում, Բուրսայում, հայեր էին բնակվում և այս երկրում յուրաքանչյուր հինգից մեկը հայ էր, իսկ հիմա մի մարզադաշտ չենք կարող լցնել, եթե հավաքվենք: Անշուշտ, չգոլորշիացանք: Տեղի ունեցավ մեծ աղետ, որը, դժբախտաբար, 104 տարի ի վեր ժխտում ենք ուրացման քաղաքականությամբ, հրաժարվում ենք խոսել այդ մասին:
Տեսեք, այլ խորհրդարանները խոսում են այդ մասին, իսկ մենք ասում ենք թող չխոսեն: Նյութի մասին, որը վերաբերում է այս տարածաշրջանին, թող խոսվի հենց այս տարածաշրջանում: Եթե այս աշխարհում կա մի խորհրդարան, որտեղ այս մասին պիտի խոսվի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է, որովհետև մենք այս հողերի զավակներն ենք»,- հայտարարել է Փայլանը:
Օրեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: