24.11.2024
Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն․ Սերժ Սարգսյան (VIDEO)
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞րն էր Սերգեյ Շոյգուի այցի իրական պատճառը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, եւ, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երեւան, եւ ի՞նչ է կատարվել այստեղ: Բանն այն է, որ ժամանակին՝ դեռեւս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երեւանում եւ Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որեւէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու: Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, եւ ոչ էլ Երեւանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, եւ նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, եւ որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երեւան, եւ ապա այստեղից մեկնել Բաքու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Իմ քայլի» վերջին նիստերից մեկում Անդրանիկ Քոչարյանից լուրջ դժգոհություններ էին հայտնել, մասնավորապես ապրիլյան պատերազմի հանձնաժողովի մասով։ Դժգոհության պատճառներից մեկը կապված է վարչապետի խորհրդական, ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Բանն այն է, որ հանձնաժողովը նրան «հարցաքննության» է կանչել, եւ Քոչարյանը, ազարտի մեջ ընկնելով, Կարապետյանին ընդհուպ վիրավորական հարցեր է տվել։ «Առաջին ծանրակշիռ «վկան» էր տեսել՝ ոգեւորվել»,- ասաց հանձնաժողովի մեր աղբյուրը։ Կարապետյանը բողոքել է Նիկոլ Փաշինյանին, ասել, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի, եւ որ յուրայինների հետ չի կարելի այդկերպ վարվել։ Փաշինյանն էլ Մակունցին է հորդորել «կարգի հրավիրել» Քոչարյանին։ Վերջինիս նախատել են, թե՝ ուրիշների վրա ուժդ չի պատում, չես կարողանում մարդ բերել, յուրայինների վրա՞ ես ուժդ ցուցադրում։ Քոչարյանը խոստացել է մոտ ապագայում Սերժ Սարգսյանին բերել հարցաքննության»:


«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 2-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանում գտնվող Աղավնո գետի հովտում, մոտ 15 հեկտար տարածքի վրա կտնկեն 7 հազար սոսիներ: Այս թիվը խորհրդանշում է Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիներին: Այս նախաձեռնության հեղինակը ԱՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն է: Ապրիլի 2-ին Արցախի Հանրապետությունը կունենա նորընտիր նախագահ, բայց Բակո Սահակյանի լիազորությունների ժամկետը ավարտված չի լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի սրճարաններից մեկում երեկ հանդիպել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցություն նախկին անդամ Հովհաննես Սահակյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը Թովմասյանի ընկերն է: «Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով առիթից, փորձեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մի քանի հարց ուղղել, բայց նա խնդրել է թույլ տալ «վայելել իր կրուասանը»: Մեր թղթակիցը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններ է ստացել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից: Նա ասել է, թե հատկապես վերջին շրջանում Թովմասյանի հետ կապը պահել է ընկերական հարթությունում` նրանից ու դուստրերից տեղյակ լինելու նպատակով: Իրավական գնահատականներ իրավաբան Սահակյանը չի տվել՝ քրգործին չմիջամտելու նկատառումով: Բայց ասել է. «Եթե այսօրվա որեւէ պաշտոնյա չի գոհացնում օրվա իշխանություններին, ապա ամեն գնով, ամեն կերպ, նույնիսկ ժողովրդավարության, իրավական պետության հիմնասյունները ոտնատակ տալով փորձում են հասնել իրենց նպատակին, տպավորություն է, որ ՀՀ-ն ինչ-որ կղզյակ է ու միջազգային որեւէ կարգ ու կանոնի, որեւէ նորմի չի ենթարկվում»:


«Փաստ» թերթը գրում է. «Դատաիրավական համակարգի, մասնավորաբար ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները ՀՀ սահմաններից փաստացի դուրս են եկել՝ դառնալով միջազգային հանրության կողմից քննարկվող թեմա։ «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ առավոտյան ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական որոշում է եղել՝ ձերբակալել Հրայր Թովմասյանին, ապա միանգամից մտնել դատարան՝ կալանավորման թույլտվություն ստանալու։ Սակայն, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, նախօրեին տեղի ունեցած դեպքերը խառնել են իշխանությունների խաղաքարտերը։ Նախ՝ Թովմասյանի եւ ՍԴ շուրջ գործընթացների մասին ռեպորտաժ ներկայացրեց ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ առաջ տանելով այն թեզը, որ Թովմասյանին ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա, քանի որ նա ի պաշտոնե անձեռնմխելի է եւ տեղի ունեցողը քաղաքական գործընթացներ են։ Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ով բավականին կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանություններին։ Բուքիքիոն հայտարարում է, թե՝ «չափազանց անհանգստացած եմ մի կողմից կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջեւ եղած բացահայտ կոնֆլիկտով»: Նման արձագանքներն էլ ստիպել են իշխանություններին առայժմ չգնալ կտրուկ գործողությունների, որոնք կստիպեն միջազգային կառույցներին էլ ավելի կոշտ ու առարկայական քննադատել իրենց: Սակայն թե որքան ժամանակ կտեւի այս «պաուզան», դեռեւս պարզ չէ: Ի դեպ, անկարեւոր չէ նշել, որ նախօրեին իշխանություններն արդեն սկսել էին հրապարակ նետել թեզ, թե Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարցում ՍԴ-ի համաձայնությունը պետք չէ, չնայած իրավաբանների ճնշող մեծամասնությունը պնդում է՝ ոչ թե պետք է, այլ պարտադիր է ու օրենքի պահանջ»:


«Փաստ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարության կապակցությամբ անասելի անհանգստացած իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալ շահեկանորեն: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայտարարության օրը երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունում շտապ հանդիպում է եղել , որտեղ քննարկել են և փորձել վերլուծել, թե իրականում ինչ է ցանկացել ասել Բուքիքիոն։ Պարզաբանելու համար նիստին հրավիրվել են իրավաբան փորձագետներ, որոնք հանգամանալից փորձել են բացել փակագծերը։ Ի վերջո, չնայած բոլորի համար էլ պարզ է եղել, որ Վենետիկի հաձնաժողովի նախագահի տեքստում ՀՀ իշխանություններին ուղղված ակնհայտ քննադատություն կար, սակայն նրանք նախատեսել են ամեն ինչ անել, որպեսզի դա հանրությանը հրամցվի իրենց համար ցանկալի պրիզմայով։ Եվ պատահական չէր, որ հանդիպումից հետո իշխանականները սկսեցին շնորհակալական խոսքեր շռայլել և իրենց գոհունակությունը հայտնել Վենետիկի հանձնաժողովից։ Ընդ որում, այնքան էին տարվել այդ մտքով, որ ոմանք ուղղակի բառացի նույն տեքստն էին դնում իրենց էջերում: Սակայն այս ամենին հետևեց Բուքիքիոյի հարցազրույցը Shantnews-ին, ու պարզվեց, որ շնորհակալությունները, կարծես, «տեղին չէին»: Այս ամենի մեջ առավել տարօրինակ էր որոշ «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» պահվածքը, որոնք պատրաստ էին բզկտել Բուքիքիոյին: Ավելին, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնիսկ գրառում կատարեց, որի մոտավոր իմաստն այն էր, թե Բուքիքիոն էր պակաս, որ դաս տա ինքնիշխան պետությանը: Իհարկե, շատ արագ էլ ջնջեց իր գրառումը, երբ շատերը տարակուսանք հայտնեցին, թե արդյո՞ք «հեռախոսը չեն գողացել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել․ «Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում»: Երեկ մենք տեղեկացանք, որ նրա դիմումը քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը հաստատեց այս փաստը, սակայն դա պատճառաբանեց նրանով, որ Մարությանն արձակուրդում է։ Մեր տեղեկություններով, Չեխիա է մեկնել։ Սակայն դիմումը չստորագրելը արձակուրդի հետ կապ չունի՝ Մնացականյանին փորձում են համոզել, որ հրաժարվի դիմումից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, ով 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։ Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լեւոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են: Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ»:


«Փաստ» թերթը գրում է.«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, 70 000 եվրո և 10 000 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ Ն. Մարգարյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ փոխնախարարը հայտարարագրել է երեք բնակարան, մեկ հողամաս, ինչպես նաև «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 5000 ԱՄՆ դոլար: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 228 597 ՀՀ դրամ, նշված հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 389 844 ՀՀ դրամ, 743 553 ՀՀ դրամ և 4 095 200 ՀՀ դրամ: Նաիրա Մարգարյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել 2019թ. օգոստոսին»


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին լրագրող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է վերաբերվում կառավարության անդամների աշխատավարձի բարձրացմանը։ «Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ, այո, աշխատավարձերը լինեն 1,5 միլիոն, թող ուսուցիչները եւս ստանան այդքան աշխատավարձ։ Հիմա, որ աշխատավարձը բարձրացել է, մենք պետք է ուրախանա՞նք, թե՞ տխրենք։ Հիմա դուք անմիջապես կբերեք թոշակառուների օրինակը, 550 հազար թոշակառուներ են, մենք մյուս տարվանից թոշակները 10 տոկոս բարձրացնում ենք, եթե թոշակառուներն էլ լինեին 12-ը` նախարարների չափ, ես գուցե Ձեզ հետ համաձայն լինեի»: Քանակո՞վ է որոշվում բարձրացման անհրաժեշտությունը, իսկ ձեզ համար «աբիդնի» չի՞, որ նախարարները ստանում են միլիոնուկես, իսկ պատգամավորդներդ՝ դրա մեկ երրորդը։ «Ոչ, աբիդնի չի, պատգամավորը 3 անգամ քիչ է ստանում, բայց Ձեր մատնանշած նախարարը վարչարարություն է իրականացնում ինձանից շատ ավելի։ Ես, իհարկե, չեմ ստորադասում պատգամավորի աշխատանքը, փաստն եմ արձանագրում»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանը ոչ մի բան չի իրականացնում, բայց ստանում է հսկայական փող, «պադավատ», բենզինի չեկեր` ՍԴ որեւէ նիստի չմասնակցելով, որեւէ «վարչարարություն» չիրականացնելով։ «Դուք գիտեք, որ ինքը ոչինչ չի՞ անում, հարգելիս, եթե նիստերին չի մասնակցում, դրա համար կա ընթացակարգ, թող ՍԴ դատավորները դիմեն, այդ մարդուն զրկեն իր լիազորություններից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ: Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված մրցույթում ԳՇ-ն առաջարկվել է զինված ուժերին` այդ տեխնիկան մատակարարի «ORSIS» ընկերությունը: Բայց ՊՆ-ում ներքին քննությամբ պարզում են, որ «ORSIS»-ի ներկայացրած սարքավորումները նախատեսված են ոչ թե ռազմական գործողություների, այլ որսորդության համար: Բացի այդ, պարզվում է, որ գլխավոր շտաբից «ORSIS»-ի ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են գրել` ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Այսինքն` ստացվում է, որ մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստի որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Հայության դրական արձագանքն էլ` վարչապետ Փաշինյանի մակարդակով, չուշացավ: Նկատենք, սակայն, որ այս փաստաթուղթն այժմ օրենքի պարտադիր ուժ չունի, բայց արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: Հիմա բանաձեւը պետք է Սենատում քվեարկվի, միգուցե ինչ-որ փոփոխություններ լինեն, դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստորագրի այն։ Եվ միայն այս ընթացակարգերն անցնելուց հետո բանաձեւը կյանքի կկոչվի: Որ թուրք-ադրբեջանական տանդեմի բողոքի ձայնը լսվեց, բացարձակ սպասելի էր: Ավելին, բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց՝ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի բնակավայրերն ու դիրքերը` կիրառելով ավելի մեծ տրամաչափով զինատեսակներ:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 7.62 մմ տրամաչափով զենքերի փոխարեն այս անգամ կիրառվել է մի քանի անգամ ավելի մեծ՝ 23 մմ տրամաչափի զենք: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանական կողմին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից` հավելելով, որ դրանք անպատասխան չեն մնա: Արցախի ՊՆ-ն էլ երեկ առանձին հայտարարեց` ընդգծելով, որ վերջին օրերին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, եւ ավելի հաճախակի են օգտագործվում դիպուկահար զինատեսակներ: Այժմ հերթը թերեւս միջազգային հանրության արձագանքինն է: Սպասե՞նք արձագանքի ՀԱՊԿ-ից, որի կանոնադարության 4-րդ հոդվածով` «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ընդգծեց, որ Ռուսաստանը թույլ չի տա` ԼՂ հակամարտության անարդարացի լուծում: «Նման փորձ ձեռնարկվեց նաեւ 2016 թվականի ապրիլին, եւ Ռուսաստանն ամեն ինչ արեց այն ամենաարագ կերպով դադարեցնելու եւ պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար: ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում»,- ամփոփեց Զատուլինը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաեւ Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը: Հիշեցնենք․ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, եւ արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, եւ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել: Սակայն Արցախում դեմ են այդ փոփոխությանը եւ կարծում են, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը ու հղի է վտանգավոր հետեւանքներով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Աբխազիայի հայ եւ աբխազ համայնքների միջեւ հակադրության պատճառը այդ երկրի ապագայի վերաբերյալ համայնքների տարբեր քաղաքական կողմնորոշումն է: Աբխազական մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անցկացված փակ հարցումներից պարզ է դարձել, որ հայերը ավելի հակված են Աբխազիայի Ռուսաստանի հետ միավորմանը, մինչդեռ աբխազները կողմ են երկրի անկախ կարգավիճակին, թեեւ հասկանում են, որ Աբխազիան ամբողջապես կախված է Ռուսաստանից»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի «Ararat view garden» ռեստորանի տարածքում է հայտնվել դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի արձանը: Կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն քանդակում պատկերված է խորոված վաճառող, ուտող խմող կերպարով, որը իր մասնագիտության ու ծավալած գործունեության հետ որևէ աղերս չունի: Ռեստորանի անմիջապես դիմացը՝ բակային հատվածում է գտնվում քանդակը: Մհեր Մկրտչյանի աղավաղված տեսքով քանդակը շատերի զայրույթի պատճառն է դարձել: Այն անչափ զայրացրել է նաև Մհեր Մկրտչյանի եղբոր որդուն՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին: Կրտսեր Մհեր Մկրտչյանը նկարել և ֆեյսբուքյան իր էջում է դրել հորեղբոր կերպարով այդ քանդակն ու գրել է, որ հարցը նաև իրավաբանական զարգացում կստանա: «Ախր հարցը միայն իրավաբանական չէ. չնայած այդ զարգացումը կլինի անպայման: Հարցը բարոյական է: Խոսվում է ազգի, մշակույթի, հիշողության, մեծերի, հարգանքի մասին: Հարգելի «Ararat view garde» օբյեկտ՝ այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել: Հարգելի քաղաքապետարան, իսկապես ով ում արձանը ուր ուզենա կարող է դնե՞լ: Հարգելի օբյեկտում խորոված ուտողներ, բացում ա՞ ախորժակը: Մեծերի կենացը խմում ե՞ք»,- մասնավորապես գրել է Մկրտչյանը: երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ քաղաքապետարանն այստեղ անելիք ու միջամտելու իրավունք չունի, քանի որ արձանը ռեստորանի բակային հատվածում է: «Ararat view garde» ռեստորանի տնօրեն Գոռ Սարգսյանը հայտնեց, որ արձանը հենց վաղը փոխելու են: Նա չժխտեց, որ պատճառը բողոքներն են՝ ավելացնելով. «Մենք էլ ենք հասկանում, որ նման տեսքով Մհեր Մկրտչյան չի կարող լինել: Քանդակագործին ինքս կանչել եմ, որ հենց վաղը ամեն ինչ շտկի: Մենք Ֆրունզիկ չէինք ուզել, մենք նրանից Կինտո էինք ուզել»»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման հայեցակարգը: Կառավարության գնահատականով՝ կլիմայական փոփոխությունների և ոռոգման ջրի պահանջարկի շարունակական ավելացման հետևանքով կանխատեսվում է, որ մեր հանրապետությունում կզգացվի ջրային պաշարների պակաս: Այդ պակասը կառավարությունը մտադիր է լրացնել ջրային պաշարների ավելի արդյունավետ կառավարմամբ, այդ թվում՝ նոր ջրամբարներ կառուցելով: Հայեցակարգով չի նշվում, թե խոսքը ինչ ջրամբարների մասին է, և ինչ ժամկետներում են դրանք կառուցվելու»: