Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին:
Իր ելույթում նախարարը նշել է, որ Երևանում կայացած Գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել, իսկ հասարակությունների ու միջազգային անվտանգության առջև ծառացած սպառնալիքներին տրված պատասխանների արդիականությունն ավելի է ամրապնդվել:
«Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը և մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանալին:
Առանց հանուն խաղաղության, ինչպես նաև ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա, ներառյալ Սահելի տարածաշրջանի երկրները, որոնք մեծ գին են վճարում ահաբեկչությանը դիմակայելու համար: Կարևոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաև ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:
Առանց համերաշխության սկզբունքի հաստատման, աշխարհի տարբեր տարածաշրջանների բնակչության միջև անհավասարության բացն առավել ընդլայնվելու վտանգ է պարունակում, եթե, օրինակ, մենք համերաշխ մոտեցում չորդեգրենք գլոբալ տաքացման դեմ պայքարում կամ համերաշխության նույն ոգով մուտք չգործենք դեպի նոր տեխնոլոգիաների ոլորտ:
Գիտակցելով, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա մեր օրակարգի հիմքում, Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին:
Ի վերջո, գոյություն ունեն մարդասիրական արժեքներ, երկխոսության մշակույթ, կանանց և տղամարդկանց հավասարության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներ, որոնք էլ ձևավորում են Ֆրանկոֆոնիան, և առանց որի մենք չէինք կարողանա ապրել միասին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը: Այդ ամենն ամբողջությամբ արտացոլված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեջ: Այս ամենի պահպանումը պահանջում է մշտական զգոնություն, և դրանց խթանումը շարունակական բնույթ է կրում, որին ակտիվորեն հետևում են ՖՄԿ-ն ու իր ինստիտուցիոնալ ցանցերը:
Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանուրությանը, և որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական և սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը և կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար»,- մասնավորապես ասել է Զոհրաբ Մնացականյանը: