Կա շատ հաճախ պատահող մի դատողություն, թե Հայաստանը պետք է նախկինի նման իր անվտանգությունը չկապի մեկ կենտրոնի հետ, այլ աշխատի տարբեր կենտրոնների հետ:
Ինչ խոսք, բոլոր ձվերը մի զամբյուղում չդնելու կարեւորությունը պատկերացնելու համար թերեւս մեծ խելք պետք չէ: Բայց, ըստ իս, մենք զգալի չափազանցացրել ենք Հայաստանի՝ մեկ կենտրոնից կախվածության հանգամանքը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը երբեք էլ չի փորձել կախված լինել կամ մնալ մեկ կենտրոնից:
Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանն օրինակ հենց անկախությունից ի վեր սերտ գործակցել է ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաեւ ԱՄՆ հետ, Ֆրանսիայի հետ, ՆԱՏՕ հետ: ՆԱՏԻՕ հետ գործակցությունն ուղեկցվել է հատկապես երկու երկրի հետ սերտ հարաբերությամբ՝ Հունաստան եւ Լեհաստան:
Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում անցկացվել է անգամ ՆԱՏՕ վարժանք:
Այլ կերպ ասած, Հայաստանը անվտանգության իր համակարգը փորձելլ է կառուցել բազմակողմ աշխատանքով: Այս պարագայում, անվտանգության համակարգ ասվածը պետք չէ դիտարկել միայն պաշտպանական, ռազմական բաղադրիչը:
Այո, եթե նկատի ունենանք ռազմական բաղադրիչը, ապա այստեղ իհարկե զգալի, անհամեմատ գերակա է եղել ռուսական ուղղությունը: Բայց, կրկնեմ, անվտանգության համակարգը նախ միայն ռազմական բաղադրիչը չէ, որքան էլ այդ բաղադրիչն առանցքային է:
Եվ, երկրորդ: Այստեղ հարաբերությունը չէր կարող կախված լինել միայն Հայաստանի կամքից ու ցանկությունից: Իսկ արդյո՞ք այլ ուժային կենտրոններ ունեին անվտանգության ռազմական, պաշպանական բաղադրիչի հարցում Հայաստանի հանդեպ ստանձնել որոշակի պատասխանատվություն, քանի որ դա նշանակելու էր պատասխանատվություն նաեւ Արցախի հարցում, Արցախի նկատմամբ, թեկուզ անուղղակկի պատասխանատվություն:
Եվ սրա մի վկայության մասին ես խոսել եմ բազմիցս: 2021 թվականից ի վեր խոսվում էր այն մասին, թե Հայաստանն ու Ֆրանսիան կսկսեն ռազմա-տեխնիկական գործակցություն, Ֆրանսիայից կլինի սպառազինության ձեռքբերում:
Իսկ ե՞րբ ստորագրվեց այդ մասին համաձայնագիրը: 2023 թվականի հոկտեմբերին միայն, երբ Արցախն այլեւս ամբողջապես հայաթափված էր եւ միջազգային ընկալումների մակարդակում՝ թեման փակված, հատկապես դրանից մեկ տարի առաջ Պրահայի հայտնի համաձայնությունների պարագայում:
Այդպիսով, Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն մատակարարելու համաձայնագիրը ստորագրել է միայն այն ժամանակ, երբ այլեւս չկար Արցախ,, այսինքն չկար Ադրբեջանի հետ «առերեսվելու» հարց:
Ըստ այդմ, երբ մեխանիկորեն խոսում ենք այն մասին, թե չպետք է անվտանգության համակարգը մեկ կենտրոնից կախված լինի, ինչպես նախկինում, պետք է թերեւս մի փոքր սովորենք հենց մեզ հետ տեղի ունեցածից:
Ինքս էլ, նախկինում թյուրիմացաբար կարծել եմ, որ եվրաատլանտյան կողմում պատրաստ են եղել Հայաստանի հարցում ստանձնել անվտանգային պատասխանատվություն, եթե Հայաստանը դրսեւորի քաղաքական կամք:
Դժբախտաբար, արցախյան պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ իրականում որեւէ մեկը չի ունեցել այդ հարցում Հայաստանի հանդեպ պաշտպանական ոլորտի պատասխանատվության աստիճանի որեւէ շոշափելի աճի ցանկություն՝ որովհետեւ այդ դեպքում կամա, թե ակամա պատասխանատու էին դառնալու նաեւ Արցախի համար, ինչպես ռուսները:
Մինչդեռ, եվրաատլանտյան կողմում ըստ էության ոչ միայն դեմ չէին, այլ նույնիսկ սպասում էին, որ Կովկասում հաստատվի այն ստատուս-քվոն, որը հաստատվել է Արցախի կորստից հետո, որպեսզի ստանան Կովկասում Ռուսաստանի, Իրանի, նաեւ ավելի հեռու՝ Չինաստանի դեմ առավել անկաշկանդ ու ակտիվ գործելու հնարավորություն:
Սա բոլորովին չեմ ասում եվրաատլանտյան դերակատարներին նախատելու համար: Ինչպես եվրասիական դերակատարներն են փորձում առաջ մղել եւ առաջ գնալ իրենց շահերով, այդպես էլ եվրաատլանտյան դերակատարները:
Պարզապես շատ կարեւոր է, որ մենք չլինենք թյուրընկալումների ու պատրանքների մեջ, որովհետեւ դրանց համար միշտ պահանջվում է թանկ վճար:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան