Հայաստանի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, բայց ամբողջ հասարակությունը զբաղված է Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով: Իհարկե, պետք չէ այդ հարցերը ծածկել, բայց հասարակությանը ներգրավել դրա մեջ նշանակում է շեղել հասարակությանը ուշադրությունը այն խնդիրներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ինչ ուզես անում են, իսկ հասարակության մի շերտ շատ ուրախանում է, երբ ինչ-որ մեկին ձերբակալում են: Բայց եթե այդ ջանքերը ուղղվեին պետության զարգացմանը, ապա Հայաստանը, նրա կարծիքով, շատ ավելի մեծ արդյունքների կհասներ:
«Նիկոլ Փաշինյանն մեծ շանս ուներ, որը նորանկախ Հայաստանում ոչ մեկը չի ունեցել: Մարդիկ հույս ունեին, որ մեր խնդիրները կլուծվեն, դրա փոխարեն մենք անընդհատ խոսում ենք դատական գործընթացների մասին»,-ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով կոնկրետ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ դու գալիս ես իշխանության, քեզ թվում է՝ բոլոր հարցերը քեզ է պատկանում եւ պետք է այդ բլոր հարցերը լուծես, բայց ցանկացած երկրի ղեկավար ունի սահմանափակումներ:
«Երբ գալիս ես իշխանության, պետք է իմանաս, որ կա անկախ մամուլ, որին ձեռք տալ չես կարող: Դու չես կարող ասել՝ սեւ մամուլ, սպիտակ մամուլ: Դու չես կարող ասել՝ Սահմանադրական դատարանը պետք է ինձ ենթարկվի: Սահմանափակումներից մեկը անկախ դատարանն է»,- շեշտեց նա:
Ըստ նրա, այսօր աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ ՍԴ նախագահը մի մարդ է, որը շատ ինքնուրույն է, ենթարկվում է օրենքներին:
«Ոչ մեկին Հայաստանում այդպիսի ռենտգենի տակ չեն անցկացրել, ինչպես իրեն, ու ոչինչ չեն գտել: Ուրեմն այդ մարդը կռուպցիոներ չի, մաքուր է: Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար: Իրեն հետապնդում են, որ այդ տեղն ազատի, իրենց ուզած մարդուն նշանակեն»,- հավելեց Մանուկյանը:
Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Այսօր մամուլը գրել էր, որ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով՝ «ՀԽ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եւ կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան 1 անգամ»: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն ՀԽ նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես ՀԽ անդամ: Իսկ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից 2019-ի գարնանն է վերանշանակվել այս պաշտոնում։