Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայում համատեղ պարեկություն կիրականացնեն
Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայում համատեղ պարեկություն կիրականացնեն։ Այս մասին ասվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխգործակցության հուշագրի մեջ, որն ընդունվել է երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում։
Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները հավատարիմ են Սիրիայի քաղաքական միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը։ Մոսկվան եւ Անկարան ընդգծում են Սիրիայի տարածքում ահաբեկչության եւ անջատողականության դեմ պայքարելու իրենց վճռականությունը։ Այս համատեքստում Թել Աբյադի եւ Ռաս Ալ Այնի միջեւ 32 կմ խորությամբ իրականացվող «Խաղաղության ակունք» գործողության շրջանում կպահպանվի գոյություն ունեցող ստատուս-քվոն։
Երկու կողմերն էլ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար։ Համատեղ ջանքեր կկիրառվեն փախստականների անվտանգ եւ կամավոր վերադարձի համար։ Կստեղծվի տվյալ հուշագրի համակարգման մոնիթորինգի եւ վավերացման համատեղ մեխանիզմ։
Երկու կողմերն էլ կշարունակեն աշխատել «Աստանայի մեխանիզմի» շրջանակներում սիրիական հակամարտության քաղաքական լուծում որոնելու ուղղությամբ եւ կաջակցեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը