23.11.2024
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ովքե՞ր են ԱԱԾ տնօրենի ու Ոստիկանության պետի հավանական թեկնածուները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ: ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։ «Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»: Օրինագծի ընդունումից հետո ուժային կառույցները, որոնք տեւական ժամանակ ղեկավարում են ԺՊ-ները, ղեկավար կունենան։ Ոստիկանապետի հավանական թեկնածուների թվում է Հունան Պողոսյանը, ԱԱԾ-ի դեպքում՝ Ռուստամ Բադասյանի կողքին շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը, ում հետ վարչապետն ուղիղ է աշխատում: Վերջինս, ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերի Օսիպյանը։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։ Սմբատյանին նշանակել են քրեական հետախուզության վարչության պետ։ Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։ Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից եւ առանցքային պաշտոնները համալրել յուրայիններով։ Մի քանի օր առաջ էլ ազատվեց Արագածոտնի մարզային ոստիկանապետը, եւ նշանակվեց ԺՊ-ի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների, նրա կուրսեցին է։ Ոստիկանության լրատվականից հաստատեցին Ռոբերտ Սմբատյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու լուրը, իսկ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին փոփոխությունները, պատասխանեցին, որ «մշտապես կադրային տեղաշարժեր են կատարվում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»։


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջեւ ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել: Մեր տեղեկություններով, նրանք պարբերաբար շփումներ են ունենում։ Ըստ մեր մոսկովյան աղբյուրի տրամադրած տեղեկությունների, անցած շաբաթ օրը նրանք, իրենց տիկնանց հետ, միասին ընթրել են մերձմոսկովյան «Ցարսկայա օխոտա» կոչվող ռեստորանում»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, եւ դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջեւ կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ: Չնայած ինքը եւ իր «մենեջերներն» ամեն ինչ արեցին, որ հանրության մեջ տարածվի վարկածը, թե արդարադատության այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանն էր պատասխանատու Հաց բերողի մահվան համար, իրականում Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերին ազատ էր արձակվել` Եվրոպական դատարանում գործի քննության շրջանակներում նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի ջանքերով, որից հետո Արթուր Սարգսյանը, չնայած ծանր հիվանդությանը, գլխավոր դատախազի «ջանքերով» կրկին ձերբակալվեց, իսկ 10 օր հետո մահացավ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան կառանձնանա ուժային կառույցներին վերաբերող «պատմական» օրինագծի ընդունմամբ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ թանկարժեք գործուղման է` դեպի Իտալիա, նիստերը կվարի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ում վրա են դրվել ԱԺ նախագահի պարտականությունները: Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Արարատ Միրզոյանը գործուղման մեկնելիս պարտականությունները, որպես կանոն, դնում էր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վրա, այս անգամ ԱԺ «նախագահ» է նշանակել Ալեն Սիմոնյանին: Հավանաբար, Հրայր Թովմասյանի թեմայով տված հարցազրույցներից հետո Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։ Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես անձեռնմխելի է ոչ միայն այն պատճառով, որ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջապահության նախարարը, այլեւ՝ որ հիմա Արսեն Թորոսյանի ոչ ֆորմալ խորհրդականն է։ Բանը չի հասնի դրան, փորձ է արվելու Հրայր Թովմասյանի հրաժարականի միջոցով հարցը լուծել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան, եւ նա հրաժարական տա։ «Այս բաստիոնը կանգուն է մնալու»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Հրայր Թովմասյանը կանչել է ՍԴ անդամներին, ասել՝ երբ ձեզնից 5-ը ցանկացած պահի կմտնեն ինձ մոտ ու կասեն, որ ես չեմ բավարարում ՍԴ պահանջներին, ինձնից դժգոհ են, այդ ժամանակ ես հրաժարական կտամ»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ներկայումս իշխանության այն ներկայացուցիչները, որոնք կողմ էին ՍԴ թնջուկի լուծման այն ճանապարհին, որը ԱԺ կողմից ներկայացվեց Սահմանադրական դատարան, ներկայումս կանգնել են փաստի առաջ եւ չեն կարողանում «շեֆության» առաջ հստակ արդարացումներ գտնել։ Բնականաբար, խիստ նեղված է իրեն ՍԴ նախագահ պատկերացնող Վահե Գրիգորյանը, որը իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ գրեթե անսքող կերպով դժգոհություն հայտնեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ըստ մեր տեղեկությունների, «մուննաթ» է եկել, թե՝ «ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք»։


Նշենք, որ Գրիգորյանի առաջարկած տարբերակով՝ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին՝ ՍԴ-ի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ-ի դատավորներին՝ այսպիսով ավարտելով իշխանությունների կամակատար ՍԴ կազմավորելու գործընթացը: Ըստ Գրիգորյանի «տեսության», պետք է արձանագրել, որ 2015 թ.-ի Սահմանադրությամբ 2018 թ. ապրիլից հետո կա դատավորի 7 թափուր տեղ (խոսքը դարձյալ դատավոր-անդամ բառախաղի մասին է)։ Ու որքան էլ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը (այդ թվում, ի դեպ, իշխանության մեջ) վստահ է, որ սա իրավաբանության հետ կապ չունեցող, բացարձակ անօրինական մոտեցում է, այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս այն դարձյալ քննարկման փուլում է, ընդ որում՝որպես քննարկվող տարբերակներից ամենաանցավը: Ի դեպ, այս տարբերակին հակված են հատկապես ՀԱԿ-ականները, որոնք ակտիվ լոբբինգ են իրականացնում եւ փափագում են վերջապես Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քննվում է միլիոնավոր դոլարների յուրացման հետ կապված քրեական գործ, որը կապված է ավտոմեքենաների տեխզննման ծառայության հետ: Այս գործով անցնում են նախկին պատգամավորներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ հենց Կոմիտեն ունի խնդիր՝ ժամանակ, ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են: «Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Հ. Գրիգորյանը: «Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, մինչ օրս բազմաթիվ դեպքեր է ներկայացրել, երբ նույն խնդրի՝ պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետը սպառված լինելու պատճառով աղմկահարույց շատ քրգործեր պարզապես կարճվել են: Գրել էինք, օրինակ, որ վաղեմության ժամկետի հիմքով կկարճվի Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում: ՀՔԾ-ն բացահայտել էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի չարաշահումները, բայց նույն՝ ժամակետի անցնելու պատճառով գործը կարճվեց: Իրավապահները նույն խնդրին բախվեցին նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ հարուցված քրեական գործի դեպքում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նախօրեին հայտնի է դարձել դատախազության տարածած հաղորդագրությունից: Արթուր Դավթյանին շնորհված նոր աստիճանը փաստացի գործադիր իշխանության որոշակի գնահատականի արտացոլում է, որ տրվում է դատախազության աշխատանքին: Այդ հանգամանքն, ըստ երեւույթին, ազդակ է նաեւ իրավապահ համակարգին, որ դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում չի համալրի պաշտոնը թողնող պաշտոնյաների շարքը, որոնց մի մասը եղել է ուժային բլոկում: Այդ առումով, ի դեպ, առկա է հետաքրքիր մի իրավիճակ: ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոնանկությունից մոտ մեկ ամիս անց պաշտոնը թողեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Նա փաստորեն ուժային բլոկում երրորդ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ որոշակիորեն անսպասելի թողեց պաշտոնը: Ու թեեւ այս դեպքում չեղավ աղմկոտ հայտարարություն, ինչպես ԱԱԾ պետի պաշտոնանկության պարագայում, այդուհանդերձ, երեք բարձրաստիճան պաշտոնյաների կարճ ժամանակահատվածում հաջորդական պաշտոնանկությունն ուժային-իրավապահ բլոկում անշուշտ թողնելու էր ազդեցություն ավելի ցածր օղակների վրա:


Առավել եւս, որ նախկին իշխող համակարգն էլ իր քարոզչական ռեսուրսներով նկատելիորեն, ընդգծված աշխատում է այդ շարքերում, այսպես ասած, անկանխատեսելիության զգացում առաջացնելու վրա, ինչն իր հերթին կարող է ստեղծել համակարգի աշխատանքի խափանման միջավայր: Ու թեեւ մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունը վկայում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ ունի դրան գնալու բավականին ամրություն, մյուս կողմից, իհարկե, կանխատեսելիության խնդիրը համակարգում այդ առումով սրվում է: Ահա այդ ֆոնին գլխավոր դատախազին դասային նոր աստիճան շնորհելու հանգամանքը կարող է երեւակվել իբրեւ իրավապահ համակարգին գործադիր իշխանությունից հղվող կայունության եւ կանխատեսելիության որոշակի մեսիջ, հաշվի առնելով եւ այն, որ զուգահեռ, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նախօրեին հայտարարել էր նաեւ, որ Ամուլսարի գործը քննած արդեն հայտնի քննիչ Յուրի Իվանյանի հարցում ծառայական քննությունն ավարտվել է եւ իրավական առումով չի հայտնաբերվել որեւէ խախտում: Ինչպես հայտնի է, Իվանյանն ազգակցական կապ ուներ բնապահպանության նախկին նախարար Արայիկ Գրիգորյանի հետ, որն էլ Ամուլսարի հարցում 2016 թվականին մասնակցություն է ունեցել որոշումներին, ըստ այդմ՝ բնապահպանները ահազանգել էին, որ դա կարող էր ազդել քննիչի գործողությունների վրա: Հայտարարությունը, թե իրավական խախտում չի հայտնաբերվել, ներկայիս փուլում եւս որոշակի կայունացնող մեսիջ է իրավապահ համակարգին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել եւ այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։ Սա հավանաբար աննախադեպ գրություն է, որտեղ ոչ թե փող են խնդրում, այլ խնդրում են փող չտալ։ Փաստորեն եթե նման գրություն չուղարկեր՝ էլի գումար էին հատկացնելու։ Մինչդեռ այլ առողջապահական հիմնարկներ բողոքում են գումարների պակասից եւ այն բանից, որ տարին չավարտված պետպատվերի գումարները վերջացել են»:


«Իրատես» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջեւ կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։ Այսօր էլ, պարզվում է, շատ բան չի փոխվել, ուղղակի այդ կապը միայն վիրտուալ հատվածում է, այսինքն, ժողովուրդը դարձել է ֆեյսբուքյան հանրույթ (այն էլ` խիստ ընտրողաբար. սպիտակները մերոնքական են, սեւերը՝ ազգի թշնամիներ), թանկարժեք մեքենաների մասով էլ նույնն է ամեն ինչ։ Հեծանվով երթեւեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել։ Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ), ԱՎԾ-ի նկարած թվերով էլ շարունակում է կերակրել հանրությանը։ Հերթական «շիլափլավը» երեկ էր։ Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը հետեւյալ գրառումն է արել. «Ուրախ եմ արձանագրել, որ 2019-ի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով։ Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17,7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2,5 տոկոսով»։


Տնտեսագետ լինել պետք չէ հասկանալու համար, որ գործազուրկների թիվը չի կարող նվազել, եթե նոր աշխատատեղեր չեն բացվում, ներդրումներ էլ չկան։ Պարզ բանաձեւ է՝ ներդրումն է աշխատատեղ ստեղծում, ու եթե չկա մեկը, չի կարող լինել մյուսը։ Ուրեմն ի՞նչ թվերի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, ժամանակին կրկին աշխատատեղերի նման մի «շոկային» թիվ ներկայացվեց հանրությանը, հետագայում պարզվեց, որ ոչ թե նոր աշխատողների թիվն ավելացել է, այլ ընդամենը հներն են դուրս եկել ստվերից։ Հիմա էլ Փաշինյանը մանիպուլյացիոն թվեր է ներկայացնում, որոնք իրականության մեջ գոյություն չունեն։ Ավելի ազնիվ չէ՞ր լինի ասել, թե այսքան մարդ ստվերից դուրս է եկել եւ օրինական աշխատող է համարվում։ Մի դրվագ եւս. պետական ապարատի կրճատումների հաշվին գործազրկության կրճատման մասին հայտարարություններն առնվազն զավեշտալի են։ Փաստորեն, ֆեյսբուքյան պատուհանից երկրի վիճակին հետեւող իշխանության ներկայացրած ցուցանիշները միայն թղթի վրա են համոզիչ, մարդկանց կյանքում դրանք ոչինչ չեն փոխել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի օդանավակայանի փակվելը բացասաբար է անդրադառնում Ղամշլիի հայության վրա, որովհետեւ դրա այլընտրանքը Ստամբուլի օդանավակայանն է: Չնայած հրադադարին, հայությունը հասկանում է, որ այդ տարածքում այլեւս հնարավոր չէ հանգիստ ու ապահով ապրել»: