Ոստիկանությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի դեմ կեղծ ցուցմունք տալու մասին բողոքը
Երեկ ոստիկանության վեցերորդ վարչություն բերման ենթարկված Կարեն Ղազարյանը դիմել է բժիշկներին՝ մարմնական վնասվածների փաստը հաստատելու համար: Նա արդեն ստացել է տեղեկանքը։
Ինչպես հայտնում է Հրապարակը, ըստ այդ տեղեկանքի՝ Ղազարյանը «պարանոցի աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։ Տեղեկանքը տվել է մասնագիտացված բժշկական հիմնարկի վիրաբույժը։
Ավելի վաղ Ղազարյանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ ՀՔԾ դիմում-բողոք է ներկայացրել։
Իսկ ոստիկանությունում նրա բողոքի հիման վրա կատարվում է աշխատանքային հետաքննություն:
Հիշեցնենք, նախօրեին Հրապարակը հայտնել էր, որ առավոտյան Ոստիկանության վեցերորդ վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի տարածքում «զախվատ օպերացիա» է իրականացրել՝ բերման ենթարկելով մի խումբ մարդկանց։ Աղբյուրի համաձայն՝ նման ռեպրեսիվ մեթոդներով փորձում են «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:
6-րդ վարչություն էին տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։
Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել էր կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն էր գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին: