24.11.2024
ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում կկարգավորվեն քաղաքացիների կենսաթոշակային իրավունքներին առնչվող հարաբերությունները

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով ԵԱՏՄ երկրներում կկարգավորվեն կենսաթոշակային ապահովության բնագավառում միության անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:  


Համաձայնագրի նախագծով, մասնավորապես, նախատեսվում է, որ`



  • աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները,


  • կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,


  • Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը,


  • Համաձայնագրի նախագծի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը:


Ըստ հանձնաժողովի մասնագետների` ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ճարտարապետությունն անդամ պետությունների համար չունի սխեմաներ, որոնց կիրառմամբ պետություններում առկա տեղեկատվական համակարգերը կարող են տվյալները լիարժեք փոխանակել:


Նախատեսվում է, որ համաձայնագրի նախագիծը և կարգը ուժի մեջ են մտնելու 2019 թվականին: