Հրապարակվել են 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերը։ Պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը. ինչ-որ «հեղափոխական» տնտեսական մոդելի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, աճը հիմնականում գրանցվել է զբոսաշրջության, մշակող արդյունափերության, հանքարդյունաբերության, խաղերի և ավտոմեքենաների վաճառքի շնորհիվ։ Սրանցից դրական են միայն առաջին 2-ը։
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները խոսում էին ՀՀ-ում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, սակայն, ինչպես երևում է, դա նույնպես պոպուլիստական մեսիջ էր՝ ուղղված հանրության լայն շրջաններին, ովքեր սպասում էին տնտեսական հրաշքների: Սակայն հայկական տնտեսության այսօրվա վիճակը դա չի կարող իրեն թույլ տալ:
Նախ՝ առկա են տնտեսական աճին խոչընդոտող մի շարք հանգամանքներ՝ շուկայի մենաշնորհված լինելու մեծ աստիճանը, փոքր շուկան, բնակչության ցածր գնողունակությունը, մեծ արտագաղթի ալիքը, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և ակտիվ, աշխատունակ բնակչությունն արտագաղթել է: Դեմոգրաֆիական պատկերը տխուր է, սկսվել է բնակչության ծերացման գործընթաց: Բացի այդ, Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի հիմնական տնտեսական գործընկերներից՝ ՌԴ-ից, Իրանից, իսկ այդ երկրները գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ և նրանց մոտ նույնպես առկա են լուրջ խնդիրներ տնտեսությունում: ՀՀ-ն գտնվում է շրջափակման մեջ, ինչպես նաև չունի սեփական էներգետիկ ռեսուրսներ՝ գազը ներկրվում է, իսկ արտահանման/ներկման համար տրանսպորտային ծախսերը բավականին մեծ են:
Հայաստանի տնտեսության մեջ այս մեկ տարվա ընթացքում կատարվել են բարեփոխումներ, որոնք որոշակի նախադրյալներ ստեղծել են տնտեսական աճի համար, սակայն դա բավարար չէ՝ 7 միլիարդ արտաքին պարտք ունեցող երկրին անհրաժեշտ են ներդրումներ, որոնք այս պահին չկան և դեռևս պարզ չէ կլինեն արդյոք:
Հեղափոխությունից հետո ՀՀ-ից սկսվել էր կապիտալի արտահոսք՝ հետագայում անցումային արդարադատության կիրառման և նախկին իշխանությունների մաս կազմող և սերտ կապեր ունեցող գործարարների դեմ քայլերը կարող են միայն արագացնել կապիտալի փախուստի և արհեստական սննկացման գործընթացները: Քաղաքական հետապնդումները հանգեցնելու են բիզնեսների փակմանը, գործազրկության աճին, ինչն էլ մեծացնելու է արտագաղթի նոր ալիքը:
Հայաստանի նոր իշխանությունները պետք է համագործակցեն անկախ տնտեսագետների հետ թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրից հրավիրելով մասնագետների, եթե տնտեսական բլոկի պրոֆեսիոնալ գիտելիքները տնտեսության ոլորտում չեն բավարարում իրականացնելու համար արագ և շոշափելի տնտեսական բարեփոխումներ:
ՀՀ-ի բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն՝ կենսաթոշակներ, պետական ապարատի աշխատավարձեր, բանակ, ուժային այլ կառույցներ, իսկ բյուջեի այսպիսի մոդելը, որտեղ ծախսերի մեծ մասը գնում է սոցիալական կարիքների, չի կարող ունենալ ներուժ ներքին ներդրումներ իրականացնելու համար:
Չմոռանանք, որ ՀՀ-ն պարտավորված է նաև վճարել և սպասարկել $7 միլիարդ արտաքին պարտքը: Դա նշանակում է, որ նոր իշխանությունները պետք է հայտարարեն օֆշորային գոտիներում առկա միլիարդավոր դոլարների ՀՀ վերադարձի մասին, ինչը չի հանգեցնելու քրեական հետապնդման այն բիզնեսմենների, ովքեր մեծ գումարներ ունեն արտերկրում:
Այսինքն, պետք է հայտարարել օֆշորային ամնիստիա, ինչի մասին ժամանակին խոսում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսական տնտեսության մեջ օֆշորային գոտիներում գտնվող միլիարդները վերադարձնելու համար:
Պետք է օգտագործել թե՛ հայաստանյան գործարարների չօգտագործված մեծ ներուժը, թե՛ սփյուռքի ներդրումային ներուժը, ինչպես նաև խրախուսել օտարերկրյա ներդրումները՝ չինական, արաբական և ոչ միայն, դեպի հայկական տնտեսության տարբեր ճյուղեր, այդ թվում ազատ տնտեսական գոտիներ:
Աշխատատեղերի բացումը, աղքատության և արտագաղթի կրճատումը պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները, ներքաղաքական պայքարը պետք է թողնել հետին պլանում, հակառակ պարագայում փողոցներ են դուրս գալու տասնյակ հազարավոր մարդիկ՝ արդեն ոչ թե քաղաքական պահաջներով, այլ սոցիալ-տնտեսական: Երբ հասարակության մեծամասնությունը հոգնի տեսարաններից, նրանք պահանջելու են հաց: