ՀՀ կառավարությունը այսօրվա նիստի դռնփակ հատվածում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, հատկապես օրակարգում էին Սիրիայի հայաշատ բնակավայրերը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս պահին կա հանձնարարական քննարկել և հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել:
«Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել: Անվտանգության խորհրդի գրասենյակը ավելի մանրամասն պլաններ կմշակի, օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կունենանք»,- ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով, այս պահի դրությամբ առկա իրավիճակը չի ազդել Սիրիայում գտնվող հայկական մարդասիրական առաքելության գործունեության վրա՝ լուրջ մարտահրավերներ չկան. «Սիրիայում մեր առաքելության մասով լուրջ անհանգստանալու խնդիր չունենք»,- հավաստիացրեց նա:
Նաև հավաստիացրեց, որ հայկական առաքելությունը ռազմական գործողություններում չի ներգրավվելու, քանի որ այս հումանիտար առաքելություն է, չի կարող որեւէ ձեւով մասնակցություն ունենալ ռազմական որեւէ գործողության:
Հիշեցնենք, նախօրեին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիա: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ դատապարտում է ներխուժման այդ գործողությունը:
Թուրքիայի գործողությունները դատապարտել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»: