Շուրջ 1 մլն դոլար. որքան է արժեցել WCIT-2019-ի բացման համերգը եւ ով է վճարել
Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կայացած WCIT-ի հանդիսավոր բացման համերգի համար ծախսվել է 450 մլն դրամ՝ մոտ $935 հազար ընթացիկ համարժեքով:
Նշված գումարը Հայաստանի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այս մասին որոշումը կայացվել էր Հայաստանի կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում:
Համերգի սկզբում ելույթ էր ունեցել WCIT նվագախումբը, որի կազմում եղել են ավելի քան 100 երաժիշտ, որոնցից 30-ը՝ Հայաստանից։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Տոնական միջոցառման երկրորդ մասում ելույթ է ունեցել Գրեմմիի մրցանակակիր, հոլանդացի DJ Արմին վան Բյուրենը: Համերգն ուղեկցվել է լազերային շոուով և ավարտվել հրավառությամբ:
WITSA-ի` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանը բարձր է գնահատել բացման միջոցառումն։ Իր խոսքերով, այն լավագույնն էր WCIT-ի 40 տարվա ընթացքում։
WCIT 2019-ի երևանյան համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։
WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։