Թրամփը Փենսին է օգտագործել Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար. The Washington Post
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին քանիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ հենց Թրամփն է փոխնախագահին ցուցում տվել այս տարվա մայիսին չմասնակցել Զելենսկու պաշտոնակալման արարողությանը, թեեւ Սպիտակ տան աշխատակիցները հակառակն էին պնդում:
Բացի այդ, հենց Փենսի միջոցով է ԱՄՆ-ի նախագահն անցած ամռանը Զելենսկուն հայտնել, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը կասեցված է, եւ պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում, նշում է թերթը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: