27.11.2024
Ադրբեջանն աշխարհում ամենաքիչ արտաքին պարտք ունեցող երկրների տասնյակում է. ԱՄՀ
prev Նախորդ նորություն

ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել. երկուստեք բավարարված ենք. վարչապետ

Մենք 2019 թվականի հունվարի 1-ից ստանձնել ենք ԵԱՏՄ նախագահությունը, եւ ես կարծում եմ, որ տեղի ունեցած գագաթնաժողովը մեր նախագահության կուլմինացիան դարձավ։


Այս մասին այսօր ԱԺ-ում՝ կառավարության անդամներ-պատգամավորներ հարց ու պատասխանի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի այն հարցին, թե ԵԱՏՄ գագաթնաժողովից ինքն ինչպիսի՞ պավորություններ ունի, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք եւ ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում մեր երկրի առջեւ։


Հիշեցնենք, որ երեկ Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը: Երեւանում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով այստեղ էին նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում էր՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:


Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Փաշինյանը ներկայացրեց, որ մենք Սինգապուրի հետ ստորագրեցինք պայմանագիր, իսկ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը․


«Եւ կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, եւ այս միջոցուռումը կազմակերպելը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որ ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց եւ մեր անդամակցությունն էլ լինի արդյունավետ։ Տեղի ունեցած հանդիպումը, ընդլայնված նիստը նպաստում են ԵԱՏՄ միջազգային հեղինակության եւ գրավչության բարձրացմանը, եւ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը կարողացել է որոշակի նպաստ ունենալ այս գործում»,- ասաց վարչապետը։


Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, վարչապետն ասաց, որ բոլոր գործընկերների հետ հարաբերությունները նոր պոզիտիվ լիցք կստանան․


«ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում ենք ունեցել, ընդհանուր առմամբ մոտ երեք ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը, երկուստեք բավարարված ենք, գոհունակ: Մնում է՝ մեր պայմանավորվածությունները կառավարությունները եւ քաղաքական թիմերը հետեւողականորեն իրականություն դարձնեն»։